Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, և այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք և այդ մի քանի կիլոմետրը պետք է, ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի, վերակառուցվի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք աշխարհին, բոլորին, այդ թվում և Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին, հարավին, ենթակառուցվածք առաջարկելու ապրանքափոխադրումների համար։։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Խոսքը ողջամիտ ժամկետների մասին է, հիմա ես չեմ կարող ասել՝ այ երեք ամիս։ Մեծ պրոյեկտների մասին ենք խոսում։ Ինչքա՞ն ժամանակում է հնարավոր երկու կիլոմետր երկաթգիծ վերակառուցել։ Մի ամսում հնարավո՞ր է, երկու ամսում, երեք ամսում, 4—5 ամսում, դուք ասեք, ես չգիտեմ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ռուսաստանից դեռ պատասխան չկա, թե արդյոք իրենք կվերակառուցեն երկաթուղին, Եղոյանը նշեց, որ դրա համար ևս ողջամիտ ժամկետ է պետք. «Այստեղ մեր գերնպատակը այդ երկու հատվածների վերակառուցումն է։ Ոչ թե կռիվ, վեճ, բանավեճ, չանա ծեծել և այլն, այլ այդ մի կողմից երկու-երեք կիլոմետր է, մյուս կողմից ավելի կարճ է, վերակառուցելն է։ Դրա համար ինչ–որ պետք է մենք անելու ենք։ Ինչ վերաբերում է ստանդարտին, մեր երկաթգիծն արդեն ունի որոշակի ստանդարտ, քանի որ կառուցվել է մի որոշակի ձևով։

Այո, արագությունը մեծացնելու համար կա ձև, ռելսերի տակի փայտերը փոխարինվում է բետոնով և դրա հաշվին արագությունը կարող է աճել։ Այդ մոդեռնիզացիայի մասին վարչապետն ասաց, մոտավորապես 200-300 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Դա պետք է տեղի ունենա, որովհետև այսօրվա աշխարհում դա անհրաժեշտ է։

Ոչ թե պետք է ներդրվի, հեսա փաստաթուղթը վաղը ստորագրվում է, այլ որպեսզի վերակառուցվի Երասխի 2-3 կիլոմետրանոց բացակայող հատվածը, և Ախուրիկի էլ ավելի կարճ բացակայող հատվածը, և մնացած ամբողջ  100 քանի կիլոմետրը մոդեռնիզացվի, անում է մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղին պետք է վերանորոգվի և դա պետք է անի ռուսական կողմը, քանի որ իրենց է հանձնված Հայաստանի երկաթուղու կառավարումը։