Աթենքի կենտրոնում հրդեհվել են ավելի քան 40 խանութների, բանկերի, սրճարանների եւ այլ հաստատությունների շենքեր, թալանվել են 150 խանութներ:
Հրդեհվել է «Ալֆա բանկի» հունական մասնաճյուղը, ջարդվել է Պիրեյա Բանկի բանկոմատը, որից անհայտ անձինք տարել են ամբողջ գումարը: Ամբողջովին այրվել է 1870 թվականին կառուցված պատմական «Ատտիկոն» կինոթատրոնը:
Քաղաքային հիվանդանոցներ են տեղափոխվել 70 քաղաքացիներ` հիմնականում շնչուղիների խնդիրներով: Բժիշկները նաեւ օգնություն են ցուցաբերել բախումների ժամանակ գանգի վնասվածք ստացած ոստիկանին:
Բացի Աթենքից ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ տեղի են ունեցել նաեւ Սալոնիկում, Վոլոսում, Ագրինիոյում, Կորֆու եւ Կրետե կղզիներում: Հունաստանում բողոքի ցույցերն սկսվել են հունական խորհրդարանում ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ նոր կրեդիտային համաձայնագրի մասին օրենքի դրամատիկ քվեարկության հետեւանքով, որը նախատեսում է 130 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն` խիստ խնայողության քաղաքականության անցնելու դեպքում: Ներկա գտնվող 278 պատգամավորներից օրենքի օգտին են քվեարկել 199 պատգամավոր, դեմ են եղել 74-ը, ձեռնպահ` հինգը:
Քվեարկությունից հետո, որի ընթացքում մի շարք խորհրդարանականներ խախտել են կուսակցական կանոնակարգը եւ իրենց ձայները բաշխել են ոչ այնպես, ինչպես ցանկացել են կուսակցության առաջնորդները, ձախամետ ՊԱՍՕԿ-ի առաջնորդներն անմիջապես իրենց խորհրդարանական խմբակցությունից կրճատել են 22 պատգամավորի, աջամետներ Նոր դեմոկրատները` 21, իսկ ազգայնական ԼԱՕՍ-ը` 2 խորհրդարանական, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











