ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են, և TRIPP նախագիծը կարող է ամրապնդել դրանք։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիական ծրագրի տնօրեն և Ուկրաինայում և Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը։
Նա նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է այն միջանցքով, որը Թրամփը ձգտում է ստեղծել Հարավային Կովկասում։ Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց քննարկել են նման միջանցքի հարցը։
Նրա գնահատմամբ՝ Թրամփը հեռատեսորեն է հասկանում ինչպես Կենտրոնական Ասիան, այնպես էլ Հարավային Կովկասը, և դա ցույց է տվել վեց ամիս առաջ, երբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ և վերահաստատել է Ամերիկայի շահագրգռվածությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հարցում։
«Եվ մենք այս ուղղությամբ առաջընթաց ենք տեսնում։ Միևնույն ժամանակ, նա սկսել է խոսել Հարավային Կովկասում միջանցքի մասին, որը կկապի Կենտրոնական Ասիան, Թուրքիան և Եվրոպան։
Բացի դրանից, անցյալ տարվա նոյեմբերին նա հանդիպել է Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների ղեկավարների հետ և հաստատել ԱՄՆ հետաքրքրությունը Միջին միջանցքի նկատմամբ։ Թրամփի վարչակազմը ցանկանում է Թրամփի միջանցքը կապել Կենտրոնական Ասիայի միջանցքի հետ»,- ընդգծել է Հերբստը։
Նա նշել է, որ Թրամփը փոխնախագահ Վենսին ուղարկել է Երևան և Բաքու՝ այդ գաղափարները իրականացնելու համար։ «Ես չգիտեմ՝ Վենսը ինչ-որ արդյունքի հասե՞լ է, թե՞ ոչ, սակայն նրա այցը առնվազն նպաստում է այդ գաղափարի զարգացմանը»,- պարզաբանել է փորձագետը։
Հերբստն ընդգծել է ԱՄՆ շահերի համար Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կարևորությունը, որոնք գտնվում են Ռուսաստանի, Չինաստանի և այլ կարևոր խաղացողների սահմաններին։











