Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների փողոցի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ գրեթե ամեն շաբաթ կոյուղին լցվում է, կոյուղաջուրը՝ հոսում փողոցներով ապա լցվում տների բակերը։
«Փողոցով հոսում, լցվում է տուն, երկու տարի է՝ այս վիճակն է։ Բողոքում ենք, գալիս մաքրում են, բայց խողովակները չեն փոխում»,–պատմեց բնակիչներից մեկը՝ Սահակ Սահակյանը։
«Ահավոր վիճակ է, խողովակն անընդհատ լցվում է, փողոցը լցվում։ Փոքր երեխա ունենք, երկու տարեկան է, արդեն չորս անգամ հիվանդանոց է ընկել, վիրուս է եղել»,–նշեց մեկ այլ բնակիչ՝ Ռուզաննա Զոհրաբյանը։
Բնակիչները պնդում են՝ խողովակները մի քանի տասնամյակի պատմություն ունեն, վաղուց փոխելու անհրաժեշտության կա, սակայն պատկան մարմիններն իրենց ահազանգներն անպատասխան են թողնում։
«Այս հարցին պիտի լուծում տան, անտեսված ենք, ղեկավարություն չկա»,–նշեց տիկին Ռուզաննան։
«Վեոլիա ջուր» ընկերության կայքում առկա տվյալների համաձայն միայն նախորդ տարվա ընթացքում 50 վթար է տեղի ունեցել փողոցի այդ հատվածում։
NEWS.am–ը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հասկանալու, թե ինչու չեն փոխվում փողոցի խողովակները, ընկերությունից խնդրել են գրավոր հարցում ուղղարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։











