Գործերը մակագրվել են բոլորին, նաև այլ նստավայրերի դատավորների՝ կապված կալանքի քանակներից, ծավալից, հերթապահության են ներգրավվում նաև այլ նստավայրի դատավորներ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակված Ժորա Չիչոյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքի միջնորդությունները ձեռքով մակագրում է Մասիս Մելքոնյանին։
«Մակագրությունը իրականացվում է հավասարաչափ և դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգով։ Այս պահի դրությամբ իմ կողմից հրաման է արձակվել բոլոր դատարանները հերթապահության ներգրավվելու հետ կապված, կախված քանակից։ Դա կախված նաև նստավայրի հերթապահ դատավորների քանակից։ Վերջերս այնքան շատ են միջնորդությունները, որ գրեթե ամեն շաբաթ բոլոր դատարանները ներգրավվում են հերթապահության մեջ։ Այնպես չի, որ պիտի, այսպես ասած, որոշակի հնչեղություն ունեցող գործ լինի, նոր ներգրավվեն, այս պահի դրությամբ ևս ներգրավված են դատարանները»,–ասաց նա։
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ աղմկահարույց գործերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանքի միջնորդությունը կամ Կարեն Ֆարխոյանն է քննում, կամ Մասիս Մելքոնյանը, Չիչոյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում ձեր կարծիքը իհարկե։ Նախ չգիտեմ՝ աղմկահարույցը ինչ չափանիշով եք գնահատում, որն է աղմկահարույց։ Եթե օրինակ, մամուլում շատ է խոսում, դա աղմկահարո՞ւյց է։
Նման երևույթ չկա, բացարձակապես, բոլորին էլ մակագրվում է, բոլորը լսում են, որոշները մերժում են, որոշները բավարարվում են։ Այնպես չի, որ միայն որոշակի խումբ դատավորների են նման միջնորդությունները մակագրվում»։











