Չինական գազանանոցում Սուրբ Վալենտինի օրը տեղի կունենա ոչխարի ու եղջերուհու հարսանիքը: Անսովոր այս արարողությանը ներկա լինել ցանկացողների համար տոմսն արժե 66 յուան (10 դոլար): Կենդանիներին հատուկ հարսանեկան զգեստներ կհագցնեն:

Չանմաո (երկար մազեր) ոչխարի եւ Չունցզի (մաքուր) եղջերուհի միջեւ ծագած մեծ սերը նրանց աստղ է դարձրել Յուննան նահանգում, երբ կենդանիների մասին ռեպորտաժ է ցուցադրել հեռուստաընկերություններից մեկը:

Ոչխարն ու եղջերուն միասին են մեծացել գազանանոցում եւ ուժեղ կապվել են միմյանց: Չունցզին հաճախ է լիզում Չանմաոյի բուրդը, իսկ ոչխարը թույլ չի տալիս որձ եղջերուներին մոտենալ Չունցզիին` նրանց քշելով իր կոտոշներով:

2010-ի դեկտեմբերին գազանանոցի աշխատակիցները բռնացրել են նրանց սեքսով զբաղվելիս: Նախորդ տարի Չանմաոն ու Չունցզին բռնի հեռացվել են իրարից: Ոչխարը «դավաճանել» է եղջերուհուն, դառնալով փոքրիկ գառների հայր, որից հետո գազանանոցի աշխատակիցներն առանձնացրել են նրանց:

Այդուհանդերձ, երբ Չանմաոն իր նոր «ընտանիքում» նոր կյանք է սկսել, նա սկսել է իրեն ագրեսիվ պահել: Չունցզին, իր հերթին, մոտեցել է ցանկապատի դիտանցքին, որպեսզի ավելի մոտ լինի իր սրտի սիրեցյալին, գրում է BBC-ն: