Վրաստանից Թեհրան գործուղման մեկնած վրացի Դաշխին Սոֆիեվը Իրանում ռմբակոծության ականատեսներից է։ Նա NEWS.am-ին պատմել է, որ Թեհրանում երկու օր է մնացել և տեսել է ռմբակոծությունները, հետո տեղափոխվել է այլ քաղաք՝ Թաքեստան, որտեղ հանգիստ վիճակ է եղել։

«Հետո գնացինք Թեհրան՝ հյուրանոց՝ մեր անձնագրերը վերցնելու: Այդ գիշեր, երբ մնացինք հյուրանոցում, շատ վտանգավոր էր: Գիշերը ժամը 4-ին ես հյուրանոցից առաջին անգամ տեսա հսկայական ռումբ: Կարծում եմ՝ դա հիվանդանոցի ռմբակոծության օրն էր: Այդ օրը առավոտյան մենք եկանք Թաքեստան, իսկ հետո Թաքեստանից՝ այստեղ՝ Հայաստանի սահման»։

Հարցին, թե անցակետում իրանցիները շա՞տ էին, վրացի տղամարդը պատասխանել է․ «Ոչ, շատ չէին, առավելագույնը թերևս 40 հոգի, բայց ոչ բոլորն էին իրանցի: Կային օտարերկրացիներ, չինացիներ կային: Իրականում ԹԵհրանում հյուրանոցում շատ չինացիներ եմ տեսել, նրանք շոկի մեջ էին: Այստեղ՝ սահմանին, ավելի քան 10 չինացի կար, որոնք անցնում էին Հայաստան: Չեմ կարծում, թե դա նշանակում է շատ իրանցիներ, որովհետև 40 հոգին նորմալ է: Եթե շատ լինեին, հարյուրներով կլինեին, բայց շատ մարդ չկար»։

Նա պատմել է, որ Թեհրանում տեսել է շատերին, որոնք տարհանվում էին․ «Որովհետև Իրանում իրավիճակը վտանգավոր էր: Այսինքն՝ միայն մեծ քաղաքներից էին մարդիկ տարհանվում, միայն մեծ քաղաքներում: Իսկ սահմաններով՝ միգուցե երկու օր առաջ մարդիկ անցնում էին սահմանը, բայց ոչ հիմա: Հիմա շատ մարդ չկա»: