Արցախը առաջին հերթին վահան էր Հայաստանի համար, վահան էր Իրանի համար, և բնականաբար ազգային անվտանգության կարևորագույն խնդիր է Ռուսաստանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հիմա Ռուսաստանը կարող է լքել ամբողջ Հարավային Կովկասը և գուցե ապագայում նաև Հյուսիսային Կովկասը, իսկ ապագայում նաև այլ տարածքներ։ Չինաստանը, որ մեզանից հեռու է գտնվում, կարող է կորցնել իր հնարավոր կոմունիկացիաները։ Այսինքն ազդեցությունը շատ մեծ է, բայց ես չեմ կարծում, որ հենց Արցախի պատերազմով այդ ամեն ինչը սկսվեց, որովհետև ամեն ինչը շատ վաղուց էր նախագծված»,–ասաց նա։

Նրա խոսքով, այս պահին Մերձավոր Արևելքում պատերազմը միայն Իրանին չի վերաբերում, այլ բոլորին, քանի որ ամբողջ տարածաշրջանը վերաձևելու հարց է դրված. « Թուրքիան պետք է վերաձևվի, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը պետք է փլուզվեն, Սաուդյան Արաբիայի մասնատման հարցն է դրված։ Հիմա Իրանը կդիմանա, թե չդիմանա, մենք չենք կարող ասել, բայց էս պատերազմը բոլորին է վերաբերում»,–ասաց նա։

Հարցին՝ այս զարգացումների ֆոնին արդյոք Թրիփ ծրագիրը կաշխատի, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Թրիփը» ճանապարհ է, որը վերահսկվելու է ԱՄՆ–ի կողմից և անցնում է Իրանի սահմանով։ ԱՄՆ–ն ունի բազաներ արաբական երկրներում, Հորդանանում, Կատարում, Էմիրաթներում, Սաուդյան Արաբիայում, որոնք ռմբակոծվում են Իրանի կողմից։ «Թրիփը» ռմբակոծելու համար թռչող սարքեր պետք չեն լինի, ընդամենը կարելի է ինքնաձիգներից կրակել, հենց սահմանի վրա է գտնվում»։

Դիտարկմանը, որ «Թրիփը» ռազմաբազա չէ, որ թիրախ դառնա Իրանի համար, քաղաքագետն ասաց. «Դա սպասարկում է Միացյալ Նահանգների և Թուրքիայի շահերը, Իրանը հայտարարում է՝ դա ինձ համար վտանգ է ազգային անվտանգության առումով, և եթե բազաներն է ռմբակոծում, ապա ի՞նչ խնդիր կլինի ռմբակոծել գետի այն կողմը գտնվող ճանապարհը։

Նաև հայտարարություններ են հնչում բավականին կոշտ ռուսական կողմից, որ իրենք նույնպես ուզում են մասնակից լինել, որ իրենց և ԱՄՆ–ի շահերը համընկնեն, իրար հետ ներդաշնակ լինեն։ Այդ դեպքում նաև իրենք կներգրավեն Իրանին, հաշվի կառնեն նաև Իրանի շահերը։ Սա տարբերակ է, բայց մենք ունենք այսօր գործող իշխանություն, որը ուզում է լինել մրցակցության կողմ կամ օգտագործվել մրցակից երկրների մի մասից մյուս մասի դեմ։ Բնականաբար, սա պատերազմ է բերելու, և գործող իշխանության այն կարգախոսը, որ Հայաստանը հունիսին ընտրություն է կատարելու պատերազմի և խաղաղության միջև, իրենք ճիշտ են ասում, սակայն իրենք բերում են պատերազմ։ Իսկ ընդդիմությունը բերում է խաղաղություն, որովհետև ընդդիմության խնդիրն այն է, որ հզոր երկրների շահերը լինեն ներդաշնակ, որը կլինի երաշխիք խաղաղության: Իսկ եթե դու դառնում ես կողմ, ապա դու դառնում ես պատերազմի օջախ»։

Ստոեփան Դանիելյանի խոսքով, եթե վարագույրի հետևում կանգնած ուժերին հաջողվի պատերազմի մեջ ներքաշել Ադրբեջանին, ապա Թուրքիան պետք է օգնության հասնի Ադրբեջանին, քանի որ Շուշիի հռչակագրով որոշակի պարտավորություններ ունի Ադրբեջանի նկատմամբ. «Այդ օգնությունը ռազմական տեսք է ունենալու, այդ զորքերն ու տեխնիկան որտեղո՞վ են անցնելու, Սյունիքի ճանապարհով։ Բնականաբար, եթե լինի մեծ պատերազմ, ապա հարց է առաջանում, իսկ ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգություն է։

Կա՞ մի երկիր, որի հետ ունենք անվտանգային պայմանավորվածություններ, որը կարողանա թեկուզ այդ փոքր հատվածը և ռազմական, և դիվանագիտական առումով պահել, որը ունենա հարաբերություններ Թուրքիայի հետ, ունենա ազդեցություն Ադրբեջանի վրա։

ԱՄՆ–ի հետ մենք նման պայմանավորվածություն չունենք, որովհետեւ Թրիփում գրված է, որ այս հռչակագրից կամ հայտարարությունից նման պայմանավորվածություն չի բխում։ ԱՄՆ–ի պաշտոնյաները ազնվորեն հայտարարում են, որ իրենք չեն պատրաստվում Հայաստանը պաշտպանել, եթե լինեն ռազմական բախումներ։ Նախ չենք կարող, երկրորդը նման նպատակ չունեն։

Ես կարծում եմ՝ միակ հնարավորությունը կարող է լինել Ռուսաստանի ներկայությունը, դեռ հարց է Ռուսաստանը ցանկություն ունի, թե չունի, հնարավորություն ունի, թե չունի, բայց ես ասում եմ՝ միակ հնարավոր տարբերակը դա է»։

Հարցին՝ այս իրավիճակում ՞նչ պետք է անի Հայաստանը, Դանիելյանը պատասխանեց. «Մաքսիմալ պետք է չեզոք լինել, մաքսիմալ սադրիչ հայտարարություններ չանել ոչ Միացյալ Նահանգների դեմ, ոչ Ռուսաստանի դեմ, ոչ Թուրքիայի և Իրանի դեմ։ Այսինքն անել այն քայլերը, որոնք գործող իշխանությունը չի անում, որը միշտ փորձում է հանդես գալ որպես կողմ։ Սա ամենավտանգավոր քաղաքականությունն է, որը վարում է գործող իշխանությունը։

Հայաստանը պետք է բոլոր քայլերը աներ, որ Թրիփին ներգրավեր Ռուսաստանին և Իրանին ու ԱՄՆ–ի հետ համագործակցության դաշտ ստեղծեր։ Իրենք անում էին ճիշտ հակառակը»,– ընդգծեց նա։