Հոնդուրասի բանտի հրդեհի ժամանակ հսկիչները բանտարկյալներին ոչ միայն չեն օգնել, այլեւ կրակել են նրանց, ովքեր փորձել են դուրս պրծնել այրվող շինությունից: Այդ մասին տեղի լրագրողներին պատմել են ողջ մնացած բանտարկյալները: Հիշեցնենք, հրդեհի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, 377 մարդ է զոհվել:
«Երբ հրդեհը սկսվեց, մենք հսկիչներին խնդրեցինք բացել դռները, բայց նրանք ոչ միայն դա չարեցին, այլեւ սկսեցին կրակել մեզ վրա», - Heraldo թերթին պատմել է ողջ մնացած բանտարկյալներից մեկը: Հրդեհի տեսագրության մեջ բազմաթիվ կրակոցների ձայն է լսվում:
Քոմայագուա քաղաքի բանտի հրդեհը բռնկվել է փետրվարի 14-ի գիշերը` տեղական ժամանակով ժամը 22: 50: Աղետի պահին պատժիչ հաստատությունում գտնվել է շուրջ 850 բանտարկյալ: Որպես հրդեհի հնարավոր պատճառներ դիտարկվում են կարճ միացումը եւ դիտավորյալ հրկիզումը: Տեղի նահանգապետի խոսքով` բանտարկյալներից մեկը հեռախոսով զգուշացրել է հրկիզելու մասին:
Նահանգաապետը զանգից անմիջապես հետո փրկարարական ծառայություններին եւ հրշեջներին համապատասխան հրահանգներ է տվել, սակայն վերջիններս երկար ժամանակ` գրեթե կես ժամ, չեն կարողացել մուտք գործել բանտի տարածք` արձակվող կրակոցների պատճառով:
Երկրի նախագահ Պորֆիրիո Լոբոն խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել: Բացի այդ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դեպքը հետաքննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկի:
Այժմ իշխանությունները դիմել են բանտարկյալների հարազատներին` խնդրելով նրանց հատուկ նշանների (սպի, դաջվածք) մասին տեղեկություններ տրամադրել, որպեսզի դատական բժիշկները կարողանան տարբերակել զոհվածներին: Տեղի փորձագետներին օգնելու համար Չիլիից դատական բժիշկների խումբ է ուղարկվել, գրում է NEWSru.com-ը:











