Հանուն Պուտինի քարոզչական հոլովակում ռուս հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովայի նկարահանվելն ինքնակամ չի եղել: Այս մասին gazeta.ru-ին պատմել է նրա հիմնադրամի աղբյուրը:

Աղբյուրի խոսքով` «բոլորին պատվիրել են լռել», «նրան ստիպել են, սպառնացել երեխաներին»: «Հիմնադրամին սպառնացել են դադարեցնել ֆինանսավորումը»: Հաղորդվում է, որ դերասանուհին ինքն այս առիթով մեկնաբանություններ չի տալիս. «Նա ընկճված է, շատ ծանր վիճակում է»:

Չուլպան Խամատովայի մասնակցությամբ տեսահոլովակը ցանցում հայտնվել է փետրվարի 14-ին: Դերասանուհին այնտեղ ասում է, որ Վլադիմիր Պուտինը  «միշտ կատարում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին տված խոստումները, եւ ինքը քվեարկելու է Պուտինի օգտին»:  Քննադատները մատնանշում են, որ տեսահոլովակում Խամատովան տանջված տեսք ունի եւ աչքերը լցված են:

Լրագրող Սերգեյ Պարխոմենկոն BBC-ին հայտնել է, որ Խամատովային վերջնագիր են ներկայացրել` եթե չնկարահանվի, կդադարեցվի նրա հիմնադրամի ֆինանսավորումը:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2006թ.` դերասանուհիներ Դինա Կորզունի եւ Չուլպան Խամատովայի կողմից: Այն դրամահավաք է իրականացնում ուռուցքաբանական եւ հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման, ինչպես նաեւ հիվանդներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար:

Տեսահոլովակի հրապարակման հաջորդ օրը Պուտինը Խամատովայի ուղեկցությամբ այցելել է  Մանկական ուռուցքաբանության, հեմատոլոգիայի եւ իմունոլոգիայի դաշնային կենտրոն: