Մենք Իրանում տեսնում ենք ծայրաստիճան ուժգին ռմբակոծություն Միացյալ Նահանգների և Իսրայելի օդուժի կողմից, նորություն չկա սրա մեջ։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Հայաստանի ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։

«Այն ինչով Միացյալ Նահանգները և Իսրայելը այսօր կռվում են, դրանք դեռևս անցյալ դարի հայտնի զենքեր են։ Այն, ինչ Իրանն է կիրառում, առանձնապես լուրջ առավելություն Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից կիրառվող զենքի նկատմամբ չունի։ Միակ բանը, որ այսօր տեսնում ենք, դա դասական հակաօդային պաշտպանության ձախողումն է, այն իմաստով, որ նույնիսկ դանդաղ թռչող անօդաչուների դեմ ԱՄՆ–ն,. Իսրայելը և այն երկրները, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների բազաները, դասական ՀՕՊ–ով են առայժմ պաշտպանվում։ Բայց մոտավորապես երկու-երեք օր առաջ արդեն խոսք գնաց ուկրաինական փորձը կիրառելու մասին, հակադրոնային պաշտպանության շատ ավելի էժան, դրոնը դրոնի դեմ շատ ավելի էֆեկտիվ հակաօդային պաշտպանության մասին։

Մինչ այժմ, ասենք մի քանի միլիոն դոլարանոց հրթիռով կրակում էին մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ ծանր ԱԹՍ-ի վրա, երբեմն կպնում էին, երբեմն ոչ, բայց շատ արագ սպառվեցին այդ հակաօդային պաշտպանության հրթիռները։ Այսինքն պաշտպանությունը այսօր շատ ավելի թանկ է նստում, քան հարձակումը։ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից շատ մեծ ծախս է կատարվում հարձակողական զենքի, «Տոմահավկ» հրթիռների  մի հատի գինը մի քանի միլիոն դոլար արժե։ Այդ առումով բացարձակ անպատիժ են գործում ԱՄՆ–ն և Իսրայելը, քանի որ չկա Իրանի կողմից լուրջ հակաօդային պաշտպանություն, մինչդեռ նկատվում է լրիվ այլ ռազմավարական և տակտիկական հնարքներ, օրինակ, բետոնի վրա նկարած կեղծ թիրախներ, տասնյակ հազարավոր այլ թիրախներ, որոնք փչովի կամ ինչ-որ էժան կոնստրուկցիաներով հավաքված են, որոնք ոչ միայն ունեն նույն տեսքը և ծավալը, այլ նաև կարող են ունենալ ներքին մետաղյա կառուցվածքը, որը կարող է, ասենք, հարձակվողի համար խաբկանք ստեղծել, թե իբր այստեղ կանգնած է ուղղաթիռ կամ ինքնաթիռ։ Կամ կարող են լինել ՀՕՊ միջոցների նմանակներ, որոնք կարող են նաև ռադիոճառագայթում իրենց մեջ ունենալ, և հարձակվողին թվա, որ այդտեղ կանգնած է ՀՕՊ–ի ռադիոլոկացիոն կայան և դրա վրա գա, ասենք, իրենից տասնյակ անգամ ավելի թանկ մի միջոց»,–ասաց Ավետիք Քերոբյանը։

Նա նկատեց, որ ԱՄՆ–ի զինանոցը, կարելի է ասել, անսպառ է. «Ինչ վերաբերում է Իրանին, ապա ԱՄՆ–ն առաջին հերթին թիրախավորել է Իրանի ռազմարդյունաբերական համալիրը, Սպահանի, Թեհրանի, Շիրազի շրջակայքում մեծ հարվածներ են իրականացրել, հաստատ ինչ-որ ստորգետնյա բազաներ են խոցել, գործարաններ, պահեստարաններ։ ԱՄՆ–ն համարյա անսպառ հետախուզական հնարավորություններ ունի և նրանց հարվածները որոշակի արդյունավետություն, ամեն դեպքում ունեն։ Այսինքն ոչ միայն ուղիղ սպառնալիքն են ոչնչացնել, այլ սպառնալիքը վերականգնելու հնարավորությունները»,–ասաց նա։

Խոսելով Հայաստանին ուղղված հնարավոր սպառնալիքների մասին, Քերոբյանը համոզմունք հայտնեց, որ եթե երկիրը չունի ՀՕՊ, ապա այդ երկիրը պարտված է միանշանակ. «Պետք է կարողանաս հակաօդային պաշտպանությունը առաջին հերթին զարգացնես, գոնե ռազմավարական օբյեկտները՝ հրամանատարական կետեր, կառավարման կետեր, պետք է կարողանաս պաշտպանել։

Լավ կլինի, իհարկե, մտցնես գետնի տակ, ինչքան կարող ես։ Հայաստանում իմիջիայլոց դա հնարավոր է անել, բայց շատ քիչ է արվում, և կարողանաս օգտագործել նաև տեղանքը։ Օրինակ, մեր Արագած սարը եթե չորս կողմից պատես ռադարներով, ապա կարող ես գոնե երկրի 60-70%-ը ապահովես ռադիոլոկացիոն ծածկույթով։

Մենք դեռևս չունենք այնպիսի շերտավորված հակաօդային պաշտպանության համակարգ, որ կարողանանք մեր հեռահար ՀՕՊ միջոցները և ռազմավարական օբյեկտները պաշտպանել։ Մյուս կողմից շատ քիչ բան է արվում մեր սեփական ավիացիան պաշտպանելու ուղղությամբ։ Եթե բացենք Հայաստանի քարտեզը Google քարտեզի վրա, ապա հաստատ կերևա թե մեր այդ չորս հատ «ՍՈՒ–30»-ը որտեղ են տեղակայված։ Այդ անգարները կանաչ գույնով, Շիրակի օդանավակայանի կողքը նկարված են այդ քարտեզի վրա։

Իհարկե, Հայաստանի աշխարհագրությունը հաշվի առնելով, ավիացիան պաշտպանելը շատ դժվար է, մեր տարածքի ամենահեռու կետը սահմաններից ընդամենը 65-67 կմ է: Դա հրթիռային հրետանու հասանելիության մեջ է, կարող են համազարկային կրակ վարել Հայաստանի ցանկացած կետի վրա: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք և սպասենք մինչև այդ հարվածը կգա։ Պետք է բոլոր միջոցները կիրառել, ստեղծել պահեստային օդանավակայաններ, գետնի տակ մտցնել այդ անգարները, քողարկել, կառուցել այնպիսի հնարավորություններ, որ կարողանաս ոչ թե ռազմական օդակայաններում իջեցնել, այլ ինչ-որ այլ տեղեր, որոնք արտաքուստ չեն էլ նշմարվի»,– ընդգծեց նա։