Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է, որ քաղաքացիների՝ «Վեոլիա ջուր» ընկերությանն առնչվող բողոքներն ամբողջացրել է մեկ նամակում և դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։

«Հասցեագրել եմ բոլոր խնդիրները, որոնք դուք ներկայացրել էիք։ Հասցե առ հասցե, անուն առ անուն տվել եմ ցուցակ, թե մարդիկ ինչից են բողոքում՝ վնասված հաշվիչներ, հավելագրումներ և այլն»,–նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ իր բողոքը Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովում քննարկման փուլում է։

«Իրավական բոլոր հիմքերն առկա են վարույթ հարուցելու համար։ Մենք հարցը մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու և սպասելու ենք, տեսնենք՝ հարուցու՞մ են վարույթ, թե պետական մակարդակով այս ընկերությանը ևս օգնություն է ցուցաբերվում»,–ասել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։