«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին», «Ազատությո՛ւն Հայաստանին» պաստառներով Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը, ով 13 տարի ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով է, որ իրեն թեմից հեռացրել են։
«Երբ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցի եկավ և հրահանգեց զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, մենք երիտասարդներով չզեղչեցինք, և ինձ որպես Արարատյան Հայրապետական թեմի ծրագրերի համակարգող, «Արարատ» միության ատենապետ հեռացրեցին։
Ես կանգնած եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողքին, Սամվել Կարապետյանի կողքին, որովհետև հենց նա հայտարարեց, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Հենց այդ հայտարարության պատճառով էլ, ինչպես տեսնում եք, նա դարձավ քաղբանտարկյալ»,–ասաց նա։
Անուշ Վարդանյանը հավաստիացրեց, որ իրենց միության երիտասարդները եկեղեցու մեջ են, եկեղեցու կողքին են, Վեհափառ Հայրապետի կողքին են։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում. Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:
Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15:30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:











