«Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»։ Այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մոր՝ Երևանում բնակարան տրամադրելու խնդրանքին։ Կինը պարզաբանել է, որ որդու բուժումը Երևանում է իրականացվում, սակայն լուրջ խնդրի են բախվում․ մայրաքաղաքում չունեն բնակարան, որտեղ կբնակվեն այդ ընթացքում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նույնպես Եղեգնաձորում էր, ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» գրեթե բոլոր անդամները, Նիկոլ Փաշինյանի հարցին այն մասին՝ ինչ հնարավորություն կա կնոջն աջակցելու, պատասխանել է, որ վերջինը կարող է Եղեգնաձորում բնակարանի գնման վկայական ստանալ, իսկ Երևանում՝ ոչ։ Փաշինյանն էլ, ի պատասխան ասել է՝ կինը կարող է բնակարանի գնման վկայականը ստանալ, գումար ավելացնել և Երևանում տուն գնել։ Իսկ կնոջ արձագանքին այն մասին, որ որդու բուժումը հետաձգել և այդքան սպասել չեն կարող, Փաշինյանը պատասխանել է՝ «էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք» ու հեռացել՝ առանց զինծառայողի մոր արձագանքը լսելու։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ականները նախօրեին նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում էին, այսօր էլ՝ Սյունիքից Վայոց Ձոր են շարժվել ու շփվել քաղաքացիների հետ։