«Ֆուլ սայզ» էլեկտրոնիկայի խանութ սրահից 2024–ի դեկտեմբերի 27-ին գնում եմ կատարել, գումարը վճարել եմ, բայց մինչև հիմա ապրանքը չեմ ստացել. Իմ գումարը կազմում է 285000 դրամ, գնել եմ լվացքի մեքենա, որը չեմ ստացել։ Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից Արմինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում «սենսացիոն» վաճառքներ իրականացնող «Լիարժեք չափ» ՍՊ ընկերությանը, որը հանրությանը հայտնի է «Ֆուլ սայզ էլեկտրոնիքս» բրենդով, սնանկ է ճանաչվել և կասեցրել գործունեությունը։ ՀՀ սնանկության դատարանը փետրվարի 12-ին որոշում է կայացրել կասեցնել «Լիարժեք չափ» ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել ընկերության անվամբ հաշվառված գույքերի նկատմամբ:
Նշենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ մատչելի գներով կենցաղային տեխնիկայի առաջարկով ընկերությունը հարյուրավոր քաղաքացիներից միլիոնավոր դրամներ էր ստացել, սակայն այդպես էլ չէր մատակարարել պատվիրված ապրանքները։
«Կապնվել եմ խանութի հետ, ասեց՝ հիմա ֆինանսական խնդիրներ ունեմ, ապրանք չեմ կարողանում մատակարարել, երբ որ հարցը լուծվի, ձեր գումարը կամ ապրանքը կտրամադրեմ ձեզ, բայց անարդյունք։ Դրանից հետո ինքը անհասանելի է, ու մենք ոչ միայն ես, ինձանից բացի նաև 87 հոգի, մինչև հիմա ապրանքը չենք ստացել։
Մենք ապրանքը խանութում չենք տեսել, համակարգչով ենք տեսել, օնլայն ենք ընտրել, բայց խանութում ենք եղել, ոչ թե տանից։ Ապրանքը պիտի առաքեին 15-օրյա ժամկետում ու բոլորիս մինչև հիմա ապրանքները չեն մատակարարել։ Խանութում տեսականի կար, բայց ոչ այն, ինչ որ ես էի ուզում։ Ասեցին, որ մինչև հունվարի 15-ը ապրանքը կմատակարարեն։
TikTok-ով, 222 LAVA-ի գովազդի միջոցով եմ տեսել այդ խանութը, այդպես եմ իմացել խանութի մասին»,–ասաց նա։
Արմինե Խաչատրյանը հունվարի 1-2–ին լուրերով լսել է, որ խնդիրներ կա, այդ խանութը փակվել է, ապրանք չի մատակարարելու, արագ զանգել է բանկ, որպեսզի չեղարկվի ապառիկը, սակայն բանկից ասել են, որ ոչինչ չեն կարող անել, պետք է կապ հաստատել խանութի սեփականատիրոջ հետ. «Հունվարի 7-ին կապնվեցի Խաչատրյան Մհերի հետ, խնդրելով, որ կամ ապրանքը մատակարարեն, կամ գումարս հետ վերադարձնի, ասաց՝ տեսնենք, ինչ կարող ենք անել։ Մի քանի օրից էլ ասաց, որ հիմա ոչ կարող է չեղյալ անել, ոչ էլ կարող է ապրանքը մատակարարել։ Ասաց ՝ չեմ խաբում, մինչև հունվարի վերջ դուք ձեր ապրանքը կստանաք։ Այդ հունվարի վերջը արդեն 2024 թվականից մինչև հիմա չի եկել։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին եմ ես իմ գնումը կատարել, դեկտեմբերի 28-ից խանութը արդեն փակ է, այդ հասցեում լրիվ այլ խանութ է։
Կոնկրետ ես դիմել եմ բանկ, որպեսզի որոշակի ժամանակով կասեցնեն վճարումները, մինչև որ հարցին լուծում կտրվի, բայց բանկից մերժում եմ ստացել։ Ես հիմա վճարում կատարում եմ ամեն ամիս, բայց ապրանքը չեմ ստացել։
Դիմել ենք ոստիկանություն, քրեական գործ է հարուցված, ցավոք սրտի իրենց սնանկ են ճանաչել։ Հիմա դատավորը որոշում է կայացրել ընկերությունը լուծարելու»,– ասաց նա։
Խբված գնորդը հավելեց. «Մենք գտնում ենք, որ անհիմն են իրենց սնանկ ճանաչել, մտածում ենք, որ մտածված խարդախություն է արել ինքը, որովհետև դեկտեմբերի 24-ին այլ գնորդի ասել է, որ ես հիմա խնդիրներ ունեմ, չեմ կարողանում ապրանք մատակարարել, ոչ էլ կարող եմ ձեր գումարը հետ վերադարձնեմ, բայց այդքանը իմանալով հանդերձ, դեկտեմբերի 27-ին իմ հետ գործարքը արել է։ թե գիտեր խնդիրներ ուներ, կարող էր արդեն գործարք չշարունակել անել։ Այսինքն կանխամտածված խարդախություն է եղել, ու մենք խարդախության զոհ ենք դարձել։ Պահանջում ենք, որ իրեն ձերբակալեն։
Հիմա նամակ ենք ուղարկում վարչապետի աշխատակազմին, խնդրելով, որ ընկերությունը լուծարելու դատավորի որոշումը չեղարկեն։ 89-ը տուժած քաղաքացիների կողմից ստորագրահավաք ենք արել»։











