«Ֆուլ սայզ» էլեկտրոնիկայի խանութ սրահից գնել եմ տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա և աման լվանալու սարք. 450 հազար կանխիկ եմ տվել, 235 հազար էլ՝  ապառիկ, ու ապրանքը չեմ ստացել։ Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում «սենսացիոն» վաճառքներ իրականացնող  «Լիարժեք չափ» ՍՊ ընկերությանը, որը հանրությանը հայտնի է «Ֆուլ սայզ էլեկտրոնիքս» բրենդով, սնանկ է ճանաչվել և կասեցրել գործունեությունը։ ՀՀ սնանկության դատարանը փետրվարի 12-ին որոշում է կայացրել կասեցնել «Լիարժեք չափ» ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել ընկերության անվամբ հաշվառված գույքերի նկատմամբ:

Նշենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ մատչելի գներով կենցաղային տեխնիկայի առաջարկով ընկերությունը հարյուրավոր քաղաքացիներից միլիոնավոր դրամներ էր ստացել, սակայն այդպես էլ չէր մատակարարել պատվիրված ապրանքները։

«Գնել եմ դեկտեմբերին հենց խանութից։ Այնտեղ ասացին՝ այս պահին չունենք, հիմա պահեստից չենք կարող առաքել, կառաքենք Մեղրի։ Բայց նոր տարին անցավ, հունվարի 15-ին զանգ եկավ անծանոթ համարից, ասաց՝ ես Մհերն եմ, խանութի տերն եմ, սենց–սենց բան է կատարվել, պատասխանատուն ես եմ, ես ձեր փողերը տալու եմ, արխային, ոչ մեկին մի հավատա, փափուկ բարձ դրեց գլխի տակ։ Մինչև հիմա էլ սպասում ենք, հլը որ չկա։

Մի քանի օր առաջ էլ զանգել եմ, էլի պատասխանել է, էլի նույն ձևի է ասել՝ արխային տալու ենք։

Հիմա արդեն կանչել են դատախազություն, մեզ ասել են, որ թղթեր կան, պիտի գնանք վերցնենք, որ գործը տալիս են դատարան։

Ես գովազդը հեռուստացույցով եմ տեսել, գնացել եմ այդ խանութը ու գնել ապրանքները։ Հիմա ամեն ամիս մուծում եմ ապառիկը, բայց ապրանքը չկա։ Մեր 87 հոգուն 47 միլիոն փող է «քցել»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք կառավարությունից, որ եկել եք այստեղ, նա պատասխխանեց. «Ոչ մի բան, կառավարությունը մինչը հիմա ինչ է արել, որ հիմա ինչ անի»։