Հանրային հատվածի աշխատանքի որակն ուղղակիորեն կապված է հասարակության կյանքի որակի հետ։ Ոչ միշտ և ոչ ամենուր են հասկանում այդ փոխկապակցվածությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հասարակության կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ է բարձրացնել հանրային հատվածի որակը։ Իսկ դրա համար, վարչապետի համոզմամբ, կա միայն մեկ գործիք՝ ոլորտում լրացուցիչ ներդրումները։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում հաճախ գերիշխում է այն կարծիքը, թե հնարավոր է այս կամ այն ոլորտի բարելավումն ապահովել էնտուզիազմի, նվիրվածության և էմոցիաների հաշվին՝ առանց ներդրումների, սակայն այդ մոտեցումն իրեն չի արդարացնում։ Բացի այդ, հայաստանյան իրականության մեջ կա ևս մեկ խնդիր, որը խոչընդոտում է հանրային հատվածի զարգացմանը. հասարակական ընկալման մեջ այս ոլորտը, առնվազն ենթագիտակցական մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Վարչապետի գնահատմամբ՝ նման վերաբերմունքը մեծապես կապված է պատմական փորձի հետ, սակայն իրականությունն այն է, որ հանրային հատվածը այն «ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը»։
«Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերն ու վագոններն ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես տեղից չի շարժվի, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը, եկեք խոստովանենք, որ մեր իրականության մեջ շատ հաճախ պատահում է», - հայտարարել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնպիսի ազդեցություն, որպիսին այդ քաղաքացու բարեկեցության վրա ունենում է հանրային հատվածը: Հետևաբար, ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունը կարևորագույն խնդիրներից է, որն անհրաժեշտ է լուծել:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել: Մենք Հայաստանում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի պետական բյուջեն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամեն դրամ հարկը այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել։ Տասնապատիկ։ Եվ դա հստակ բանաձև է. եթե քաղաքացին վճարում է մեկ դրամ, նա ստանում է 10 դրամ, եթե վճարում է 10 դրամ, նա ստանում է 100 դրամ, եթե վճարում է 100 դրամ, նա ստանում է 1000 դրամ», - հայտարարել է նա։
Անդրադառնալով հանրային հատվածում նորարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ նորարարությունն առաջին հերթին կրթություն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ ստեղծել որևէ նոր բան։ «Նոր բան անելու համաչ պետք է իմանալ նորը, իսկ նորը իմանալու համար անհրաժեշտ է կրթություն», — հայտարարել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ ելնելով այս իրողությունների ընկալումից՝ կառավարության քաղաքականությունն առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում ուղղված է հանրային հատվածում ներդրումներ կատարելուն։ «Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում, այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք և նոր ըմբռնում», — հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ, այդ ներդրումների և ծրագրերի շնորհիվ, վերադառնում են կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի ու վերապատրաստումների, բարձրացնում են իրենց որակավորումն ու աշխատանքի որակը։ Եվ սա արվում է նախևառաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և երկրում բնակվող բոլոր անձանց կյանքը բարելավելու համար։
«Ցանկացած չլուծված պրոբլեմ, որ այսօր տեսնում ենք, նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։ Պետք է հասկանալ, որ այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ նաև ասել, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ», - հայտարարել է նա։
Փաշինյանն ընդգծել է, իրեն ամենաշատն տպավորել է, երբ դեպի Lուսին ԱՄՆ առաքելության «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական։ Նա շարունակել է, որ եթե նրանք լինեին ոչ թե 400 հազար, այլ, ասենք, 250 հազար, ապա այդ մասշտաբային նախագիծը կարող էր պարզապես չկայանալ։ «Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռչել Lուսին, և դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ այդ 400 հազար գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որովհետև, եթե լինեին այդ 400 հազար գիտնականները և պրոֆեսիոնալները, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու մենք պետք է հրաժարվեինք Lուսին թռչելուց։ Այսպիսի ասացվածք կա՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է»։ Լուսին թռչելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բացվել և մրգի հասնելուն դեռ շատ ժամանակ կա», - նշել է նա։











