Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասյօր՝ մարտի 17–ին, կրկին չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

Նա Ամանորից առաջ խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, իր ձևակերպմամբ, «կրկեսին», սակայն մինչ օրս խոստացած ասուլիսը չի հրավիրել։

NEWS.am–ի լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ ուժի մե՞ջ է ձեր այն հայտարարությունը, որ հանուն պետության Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Դիանա Գասպարյանը միայն արձագանքեց. «Մենք եկել ենք քրեական գործով դատական նիստի»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ական նախկին քաղաքապետին ու ընտանիքի անդամներին մեղադրում է Էջմիածնի հողերի օտարման ընթացքում փողեր լվանալու համար: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Քննիչները եզրակացրել են, որ Գասպարյանի ընտանիքի անդամներն օժանդակել են նրա հանցավոր արարքներին. 7 տարի Էջմիածինը ղեկավարած Գասպարյանն ու նրա թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը իր իսկ ընտանիքի անդամներին:

Հողակտորներից մեկն, օրինակ, 2022-ին ձևական աճուրդով օտարել էր սկեսրայրի ծանոթին. շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել էր ավելի քան երեքուկես անգամ ցածր գնով՝ մոտ 52 միլիոն դրամով։ Հետո օտարված հողամասը դարձել է Գասպարյանի սկեսրայրի սեփականությունը:

Սրանից բացի, նույն տարածքի կողքի 2 հազար քառակուսի մետր մակերեսով հողակտորն էլ վաճառվել է ուղիղ՝ առանց աճուրդի։ Սկզբում համայնքային հողը ավագանին դարձրել է վաճառքի ենթակա, հետո հողատարածքը աճուրդով վաճառվել է քաղաքապետի սկեսրայրի մտերիմին, այդ մտերիմն էլ այն վաճառել է մեկ ուրիշի, վերջինս էլ՝ Գասպարյանի սկեսրոջը։ Գասպարյանի սկեսրոջ գործն առանձին դրվագով է, դեռ դատարան չի փոխանցվել։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել 2025–ի մայիսի 15–ին՝ պնդելով, թե պատճառը ոչ թե նրա անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալներն ու լրագրողական հետաքննություններն էին, այլ որ ցանկանում է ժամանակն ընտանիքին նվիրել։