Ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգմանը և Հայաստանում տիրող նախընտրական իրավիճակին։ Փաստաբանը կատարվածը որակում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում։

Կալանքը՝ որպես քաղաքական մրցակցությունից խուսափելու միջոց

Ռոբերտ Ամստերդամի խոսքով՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը սպասելի էր, քանի որ գործող իշխանությունը վախենում է իրական քաղաքական մրցակցությունից։  

«Պարոն Փաշինյանը ոչ լեգիտիմ թեկնածու է: Նա այնպիսի տպավորություն է թողնում, կարծես գործում է օտարերկրյա տերության շահերից ելնելով և ամբողջությամբ վախենում է իրական քաղաքական մրցակցությունից»,– ասաց նա։ 

Ըստ փաստաբանի՝ Կարապետյանի կերպարը, որպես հաջողակ գործարարի և բարերարի, որը սատարում է Եկեղեցուն, վախ է ներշնչում Նիկոլ Փաշինյանին։ Ամստերդամը շեշտում է, որ քարոզարշավի փուլում թեկնածուին մեկուսացնելը թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

«Շինծու մեղադրանքներ և դատական համակարգի կախվածությունը»

Ամստերդամի պնդմամբ՝ Կարապետյանի դեմ հարուցված գործերը զուրկ են որևէ փաստական հիմքից և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ. «Իմ գրեթե 50-ամյա կարիերայի ընթացքում սա տեղավորվում է քաղաքական հետապնդումների այն ձեռագրի մեջ, որը նախաձեռնում են թույլ առաջնորդները՝ Փաշինյանի նման, ովքեր այնքան են վախենում ճշմարտությունից, որ թաքնվում են կեղծ մեղադրանքների հետևում: Սա ամենևին իրավական հարց չէ: Դատական նիստերից մեկի որոշման մասին լրատվամիջոցներում գրվել էր դատարանի հրապարակումից մեկ օր առաջ»։

«Հայաստանի իշխանությունները կրկնօրինակում են վրացական քաղաքական օրակարգի բառապաշարը»

Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ընդդիմության եւ եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ փաստաբանը զուգահեռներ անցկացրեց Վրաստանի իշխանությունների հետապնդած քաղաքականության հետ։

«Երբ պարոն Փաշինյանն օգտագործում է «պատերազմի կուսակցություն» եզրույթը, դա ուղղակիորեն վերցված է Վրաստանի նախկին վարչապետ և իշխող ուժի ներկայիս պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ անցյալ տարվա ապրիլյան ելույթից։ Փաշինյանը կրկնօրինակում է նույն բառապաշարը թե՛ Եկեղեցու, թե՛ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքում։ Սա պատմության մեջ թերևս առաջին դեպքն է Փոլ Փոթի ժամանակներից ի վեր, երբ քաղաքական առաջնորդը փորձում է ջնջել սեփական ժողովրդի պատմությունը, կրոնը և մշակույթը: Նա Հայաստանի Փոլ Փոթն է»։ 

Սահմանադրության փոփոխությունն ու Ադրբեջանի գործոնը

Փաստաբանը խիստ քննադատության ենթարկեց նաև նոր Սահմանադրության գաղափարը, որն ընկալվում է որպես հրաժարում հայկական ինքնությունից։

«Անհավատալի է, թե ինչ է այս մարդն առաջարկում այս նոր Սահմանադրությամբ։ Նա պատրաստ է հրաժարվել Անկախության հռչակագրից, Արցախի պատմական պահանջներից, պատրաստ է հրաժարվել Բաքվում պահվող պատանդներից։ Մենք եվրոպացիներին բացատրելու ենք, թե ինչպես է նա թույլ տալիս Ադրբեջանին բառացիորեն վերահսկել Հայաստանի Սահմանադրությունը և վերախմբագրել Հայաստանի պատմությունը»։

Միջազգային զգոնություն և առաջիկա քայլերը

Ռոբերտ Ամստերդամը հայտնեց, որ իրենց իրավաբանական թիմը վճռական է տրամադրված և հարցը բարձրացնելու է միջազգային մակարդակով։

«Մեր քայլերից մեկն այն է լինելու, որ եվրոպական մայրաքաղաքներում բարձրաձայնելու ենք Փաշինյանի վարքագծի մասին և բացատրելու ենք, թե նա ինչպիսի սպառնալիք է եվրոպական արժեքների համար։ Այս ամենին պետք է դիմադրել օրենքի շրջանակներում, բայց վճռականորեն։ Հայաստանի կառավարության ցանկացած քայլ՝ ուղղված օրենքը խեղաթյուրելուն, արժանանալու է միջազգային արձագանքի»։