Գերթանկարժեք հեծանիվը ո՞րն է, գերթանկարժեք «Ռոլս Ռոյսի» փոքր տեսա՞կը։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը գերթանկարժեք՝ 10 հազար դոլարանոց հեծանիվ է վարում։

«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ես դրան արդեն անդրադարձել եմ դրան։ Ես շատ ուրախ եմ, որ մամուլը այլևս չի կարող մեզ մեղադրել, օրինակ, անհայտ փողերով 200 000 դոլարանոց մեքենա առնելու մեջ, և մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ։

Իմ հայտարարագրի մեջ գումարը գրված է, 10 000 չէ, 7000 եվրո է»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք ճոխություն չի 7 հազար եվրո արժեքով հեծանիվ ունենալը, նա արձագանքեց. «Ես չեմ հասկանում, անկեղծ ասած, դուք ի՞նչ եք հարցնում։ Ինչ է նշանակում ճոխություն, իմ նախասիրությունը դա է։ Ասենք, 7000 եվրոյի ավտո չեմ առել, հեծանիվ եմ առել, ի՞նչն է պրոբլեմը։ Հիմա որ ասեի՝ 20 000 եվրոյանոց ավտո ունեմ, ասելու էիք՝ ճոխությո՞ւն է, թե՞ ճոխություն չի։ Կամ ասենք 1000 դոլարանոց ժամացույցը ճոխությո՞ւն է, թե՞ ճոխություն չի։ Իմ օրինական եկամուտներով գնված գույք է, ի՞նչ կապ ունի ճոխություն է, թե ճոխություն չի»։