Իսկ վստա՞հ եք, որ հնարավոր ռիսկերը չեն հաշվարկվում. Հայաստանում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, և ՊՆ–ն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Դիտարկմանը, որ տարծաշրջանում լարված իրավիճակ է, իսկ ՔՊ–ն քարոզարշավ է իրականացնում «ուրախ ավտոբուսով», նախարարն ասաց. «Դա մեսիջ է մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է, որ վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կցուցադրվեն, ՊՆ նախարարն ասաց. «Եթե ասել է, ուրեմն ցուցադրվելու են, ժամկետների մասին պաշտոնական տեղեկատվություն կտրվի։ Դա վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը, թե 2022 թվականից հետո ի՞նչ միջոցներ ենք ձեռք բերել»,–ասաց նա։