Փետրվարի երրորդ շաբաթ օրը Ճապոնիայում յուրօրինակ փառատոն է կազմակերպվում` Խադակա Մացուրին կամ մերկ տղամարդկանց տոնը:
Ավելի վաղ փառատոնը կազմակերպվում էր ամբողջ Ճապոնիայի տարածքում, սակայն այսօր ավանդույթը պահպանվել է միայն մի քանի քաղաքներում, մասնավորապես Օկայամայում, որտեղից էլ, մի շարք տեղեկությունների համաձայն, ծագել է այս տոնը:
Հազարավոր ճապոնացի տղամարդիկ, հագնելով միայն ազդրերը ծածկող շոր` «ֆունդոս», դուրս են գալիս փողոց, որպեսզի մասնակցեն մաքրման ծիսական արարողությանը: Արարողությանը կարող են մասնակցել 23-ից 43 տարեկան տղամարդիկ:
Խադակա Մացուրի տոնը նշում են դեռ VIII դարից:
Ճապոնացիների կարծիքով, ցուրտը ոչ միայն կոփում է մարմինը, այլ նաեւ մաքրում է հոգին: Մերկ ամբոխը շարժվում է Սայդայդզի վանքի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունենում տոնի կուլմինացիան: Վանք գնալու ճանապարհին տղամարդիկ ոգեւորում են իրենց գոչյուններով եւ մտնում սառցե ջրի մեջ, գրում է «Ռոսբալթ»-ը:











