ՀՀ Ազգային Ժողովի շենքի Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ կազմակերպվել է բողոքի ակցիա, որ մասնակիցները պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները և զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ԱԺ նախագահի խոսքով՝ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:

Ակցիայի նախաձեռնող խումբը պնդում է, որ ԱԺ-ն պարտավոր է հանրայնացնել զեկույցը, քանի որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որի ուղղությամբ հարկատուների հաշվին կատարված է մեծ ծավալի աշխատանք և այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ «Զեկույցին հետևելու են քրեական գործեր, դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասել էր հանձնաժողովի նախագահը։

Տվյալ իրավիճակը ստեղծել է հանրային դժգոհություն հիմնականում անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների, պատերազմի մասնակիցների և Հայրենիք կորցրած արցախցիների կողմից։

Ստեղծվել է պահանջը բարձրաձայնող անհատների նախաձեռնող խումբ, որի անդամները պատրաստվում են գրավոր կերպով դիմել պահանջով ԱԺ երեք խմբակցություններին։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամներն են՝

Արսեն Ղուկասյան - «Լույսի Ճրագ» ՀԿ նախագահ

Գևորգ Գևորգյան - «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական, քաղաքական գործիչ

Անաստաս Իսրայելյան - «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ

Հարություն Բաղդասարյան - փաստաբան

Միքայել Մարգարյան – համակարգող։