Թրիփի մասին չեն խոսում, որովհետեւ դա արդեն ակտուալ չի, քանի որ եթե ցամաքային պատերազմ եղավ, աղետը կարող է գալ մեր երկիր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Մենք չենք գիտակցում այն աղետը, որ կարող է գալ այստեղ, մեզ թվում է, որ հաց կլինի, ջուր կլինի, հոսանք կլինի, իրականում չի լինելու այդ ամենը։ Ասենք, եթե 250 հազար մարդ Իրանից բարձրացավ հյուսիս, ի՞նչ եք անելու, ո՞նց եք պահելու, մարդիկ քայլերով գալիս են Հայաստանի սահման, ի՞նչ է, կրակելո՞ւ են։ Ւնդամենը պիտի Աստծուն աղոթենք, որ այդ ամեն ինչը չլինի։ Հիմա եթե ցամաքային գործողությունը եղավ, դա մի քանի դիրքից է լինելու, և փոքր պետությունները այս ամեն ինչի տակ են մնալու։ Այդ ժամանակ էլ էական չի լինելու ՔՊ-ի խաղաղության օրակարգը, ընդիմությունը և այլն։ Մեծ Մերձավոր Արևելքը վերջին 25 տարում այդ աղետի մեջ է ապրում։

Գազայի փլատակները Ուկրաինայի փլատակներին իդենտիկ են, Ես վատագույն սցենարների մասին չեմ խոսում, ես խոսում եմ նոր աշխարհակարգի մասին, որը ձևավորում է, իսկ աշխարհակարգերը ձևավորում են պատերազմներով, որոշ պետություններ կլինեն, որոշները կջնջվեն, որոշները կմեծանան, որոշները կփոքրանան։ Հիմա մենք հենց այդ փուլի մեջ ենք։ Եթե, ասենք Իրանի ամբողջ հյուսիսային հատվածը դարձավ ոչ իրանական, էլ ի՞նչ Սյունիքի մասին է խոսքը։

Հայաստանի ռեսուրսը այնքան փոքր է, որ մենք առանց ինչ-որ գործընկերների, որոնք կարծես թե, այլևս չկան, մենք բավական բարդ վիճակում ենք հայտնվելու»,–ասաց նա։

Անդրադառնալով խաղաղության հնարավոր երաշխավորների թեմային, Ալեն Ղևոնդյանն ասաց. «Ցանկացած խաղաղություն դա ուժերի բալանս է, չի կարող լինի մի իրավիճակ, եթե կողմերից մեկը զինվում է, մյուսը չի զինվում, լինի խաղաղություն։ Երբ կողմերից մեկը հասկացավ, որ կա կոնսենսուս հարձակման համար իր կողմից, ինքը հարձակում է։ Այդտեղ ուզում է 36 փաթեթ ստորագրված փաստաթուղթ լինի, եթե կա կոնսենսուս, որ դու ունես այդ իրավունքը հարձակվելու, հարձակվում ես։

Եթե դու չունես երաշխավորներ, այսինքն չկա բալանս, որովհետև քեզնից վերև են հաճախ որոշումները ընդունվում, վերևում ասում են չի կարելի բալանսը փոխել, որովհետև Ռուսաստանի համար շահեկան չի Ադրբեջանի դիրքերի այդպիսի աճն ու հզորացումը, որովհետև ինքը դառնում է ոչ գործընկերային, սկսում է նոր պահանջներ, նոր շահեր առաջադրել։ Ու այդ ֆոնին քաղաքական ստահակները խաբում են ժողովրդին, ասում են, որ երաշխավորներ պետք չեն։ Հայաստանը աշխարհի համար անփոխարինելիության կոնցեպտի մեջ չի, Հայաստանը ընդամենը մի գնդասեղի չափ է, հետևաբար մենք պետք է մեր կարևորությունն էլ ձևակերպենք, որպեսզի այդ գործընկերները ուզենան մեր հետ հարաբերվել»,– ասաց նա։