Վերաքննիչ դատարանը չի վերացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը։ Այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ստացանք մեր կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ դատավոր Խաչատրյանի որոշումը։ Որոշումը ստացել ենք արձեռն, այն բաղկացած է 160 էջից, որի 70-ից 80%-ը բացառապես հանդիսանում է մեր կողմից հենց բողոքում ներկայացված հանգամանքները, ի դեպ մի հետաքրքիր բան ասեմ, մենք չէինք սահմանափակվել պարզապես պահանջելով և հիմնավորելով, որ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, որ այս ապօրինի քաղաքական հետապնդման գործիք տնային կալանքը պետք է վերացվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված արդեն շուրջ 10 ամիս»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը բովանդակային գրեթե որևէ փաստարկ չի ներկայացրել. «Ըստ էության սահմանափակվել է այն փաստով, որ արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել և հետագայում արդեն նոր դատարանը, որպես վարույթ իրականացնող մարմին, գնահատական կտա այս հիմնավորումներին։ Գիտեք, այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք դասագրքային քաղաքական հետապնդման հետ, որովհետև մենք բախվում ենք մի իրավիճակի, որ իրավական, բովանդակային հակափաստարկ գոյություն չունի։ Պատկերացրեք, Սամվել Կարապետյանի գործով վերջին ամիսներին բացառապես խոսվում էր իբրև խոչընդոտելու ռիսկի մասին։ Բոլոր մեր իրավաբան գործընկերները կհաստատեն, որ խոչընդոտելու ռիսկը կարող է որպես այդպիսին վկայակոչվել նախաքննության փուլում իր ինտենսիվության աստիճանի տեսանկյունից։ Արդեն մենք ունենք փաստ, որ էլ նախաքննություն չկա, որ էլ որևէ ապացուցողական գործողություն չկա, այսինքն չի կարող չէ այդ ռիսկը նույն ձև վկայակոչվել ։ Մենք խոսում ենք այլևս նախաքննության ավարտի պայմաններում տնային կալանքի մասին, ի դեպ նույն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության պայմաններում այս նույն վարույթով միակ անձը, ում նկատմամբ ամենաինտենսիվ խափանման միջոցն է կիրառված Սամվել Կարապետյանն է։ Ես հասկանում եմ, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ սոցիոլոգիական հարցումները, դրա դինամիկան նույն «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի վարկանիշի տեսանկյունից հանգեցնում է նրան, որ այս խափանման միջոցները պահպանվում են, ոչ թե վերացվում են, այլ պահպանվում են»,- նշեց Վարդևանյանն ու հավելեց, որ սոցիոլոգիական հարցումները բախվում են իրավունքին։

Արամ Վարդևանյանն իր խոսքում հղում արեց նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին. «Այն ուղիղ պահանջում է պետություններից, իրավունքի սահմանափակման ռեժիմ մուտք գործելիս, անպայման դուրս չգալ դրա նպատակից, շրջանակից և սահմաններից։ Ի դեպ, հենց այս հոդվածը հաճախ վկայակոչվում է որպես քաղաքական հետապնդման հիմք։ Ի դեպ, հենց հիմնականում այն պայմանավորված է լինում կոնվենցիայի մեկ այլ հոդվածի սահմանափակմամբ, այն է՝ 5-րդ հոդվածի, որը վերաբերում է անձի անձնական ազատությանը, ապօրինի կալանավորումներին և այլն։ Հիմա մենք դասական իմաստով ունենք 18-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի խախտում Սամվել Կարապետյանի գործով։ Այս խախտումների փունջը հաճախ հենց արձանագրվում է միջազգային մեծ հնչեղություն ստացած այլ գործերով։ Վստահ եմ, որի մասին թե՛ օրվա իշխանությունները, թե՛ դատախազությունը, թե՛ քննչական մարմինները շատ լավ տեղյակ են»։

Փաստաբանը հայտնեց, որ իրենց բողոքում վկայակոչել էին նաև տեսաուղերձների սահմանափակման վերացման անհրաժեշտությունը, ինչին, սակայն դատարանը նույնիսկ չի անդրադարձել.

«Պատկերացրեք Վերաքննիչ դատարանը այս բավականին ծավալուն որոշման մեջ որևէ անդրադարձ չի կատարել, չի ասել պետք պետք է անսահմանափակ լինեն այդ տեսաուղերձները, չի ասել, որ պետք է սահմանափակ լինեն, չի անդրադարձել նրան, որ օրվա իշխանությունները, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը և մի շարք այլ պաշտոնյաներ, ամեն օր խոսում էին նրա մասին, որ նման սահմանափակում գոյություն չունի, հետագայում պետք է պարզեինք, որ դա հերթական սուտն էր, բայց Վերաքննիչ դատարանը կարող էր այս հարցին ի վերջո վերջնական լուծում տար, բայց ընդհանրապես անդրադարձ չի կատարել։ Այն փաստարկները, որոնք ներկայացրել էինք նախ նաև բողոքի շրջանակներում տեսակցությունների սահմանափակման հետ կապված և այլն, որոշ շեշտադրումներ այդ հարցի վերաբերյալ է կատարվել, բայց դրանք որպես այդպիսին նման ինտենսիվ տնային կալանքի պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է քաղաքական կարևորագույն փուլում, երբ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այս իմաստով մենք խոսում ենք կրկին ակնհայտ ոչ իրավաչափ, անհամաչափ իրավունքի սահմանափակման մասին, որը ժողովրդավարական հասարակությանը հարիր չէ, ընդունելի չէ և իսկապես խայտառակություն է»։