Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողներն այսօր՝ ապրիլի 1–ին, բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում մանկապարտեզի աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:

Այս պահին մանկապարտեզում մեծ թվով ոստիկաններ կան, նրանցից մի քանիսը կանգնած են տնօրենի աշխատասենյակի դիմաց։ Տնօրենն ինքը ներսիփ փակել է դուռը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ներս մտնել ու հարցեր տալ։

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հրավիրել են թաղապետարան, նաև քաղքապետարանից են հրավիրել, որ իրենք գրավոր ներկայացնեն իրենց բողոքները։ «Մեզ հստակ պատասխաններ չեն տալիս, ասում են՝ քննում ենք, կտեսնենք ինչ է կատարվում։ Թաղապետարանից հիմնականում ասում են՝ հարցին լուծում կտրվի, բայց թե ինչ ձևով՝ չգիտենք։

Սկզբում առաջարկվել է դաստիարակներին, որ մնացեք աշխատեք, տնօրենը կփոխի իր վերաբերմունքը, բայց մեզ այդ առաջարկը ընդհանրապես դուր չի գալիս։ Մեզ պետք չի, որ էս տնօրենը մնա ու բնավորություն փոխի, որովհետև մարդը այս տարիքում էլ բնավորություն չի փոխում, ինչպես կա, էդպես էլ մնում է:

Պատկան մարմինները փորձում էին քողարկել, բայց կարծում եմ, որ էս աղմուկից հետ այլևս քողարկելը անիմաստ է լինելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ծնողների՝  Փառանձեմ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: