Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 20-ին, մերժվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել էր քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը:
Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակը, ով առարկել էր, մեղադրող Հարություն Հարությունյանն էր, ով կրկին նշել էր, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











