Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին, ինչպես նաև չկարողացան գրել 44–օրյա պատերազմի վերլուծությունը, հաշվետվությունը, որովհետև անամոթ ստեր են այն պնդումները, թե կա հաշվետվությունը, կա զեկույցը. հանձնաժողովի 11 անդամներից ընդամենը չորսն են ստորագրել, այնպես որ այս իշխանությունները նույնիսկ այդ զեկույցը չկարողացան գրել։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Գաղտնի են պահում, կոծկում են բոլոր պարտությունները, և այդ երկու փաստաթղթերը չեն հրապարակում, թեկուզ այն, ինչ որ գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ, համեմատել, տեսնել, թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020 թվականին։ Նիոլն ասում էր պատերազմը կարող է ավարտվել, եթե էլի մի կամ երկու շրջան գրավենք, կամ էլի մեկ կամ երկու ադրբեջանական քաղաք ընկնի։ Այսինքն այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է՝ արցախյան շարժում այլևս չկա, Արցախյան շարժումը պարտություն էր Հայաստանի համար և Արցախը թոկ էր, որը պետք է կտրել, որպեսզի մենք ունենանք անկախություն։

Իրենց օրոք Արցախը Ադրբեջանի վերահսկողության ներքո է, բայց անկախություն մենք չունենք, այն աստիճանի չունենք, որ նույնիսկ իրենք ասում են՝ եթե ընտրությունները հանկարծ լինեն ոչ այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Եվ իրենց այդ չմտածված, ագրեսիվ, չկշռադատված քաղաքականությունն էր, որ Ադրբեջանի ձեռքերը քանդեց, իրենք օգտվեցին այս վարվող քաղաքականությունից։ Բայց որևէ մեկը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ իր շրջապատից որևէ մեկը, ոչ որևէ երրորդ կողմի ներկայացուցիչ իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։

Արցախի մեր հայրենակիցները, հայերը ենթարկվել են էթնիկ զտման, ինչը ցեղասպանության դրսևորումներից մեկն է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման դեմ, պայքարել Արցախցիների վերադարձի իրավունքի դեմ, նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Փաշինյանի և Ալիևի շահերը հերթական անգամ համընկնում են, որովհետև եթե իշխանությունները առերեսվեն ճշմարտության հետ, ընդունեն ճշմարտությունը, որ եղել է ցեղասպանություն, իրենք պիտի պատասխան տան ցեղասպանությունը չկանխելու համար»,– հայտարարեց Խաչատրյանը։