Ապրիլի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեզվակռվի մեջ է մտել լրագրողի հետ:

Լրագրողը հարց է ուցցել տարբեր միջոցառումների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իր աշխատանքին խոչընդոտելու մասին։ «Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե դուք, հազար ներողություն, ինչպես եք ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրենց ծառայություն են իրականացնում, և դուք, իմ կարծիքով, դիտավորյալ գալիս ընկնում եք ՊՊԾ ոտքերի տակ, որպեսզի մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն և ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում։ Հարցը տվեցիք՝ լռե՛ք մի հատ, թե չէ դուրս կտարվեք այստեղից։ Լռե՛ք հենց հիմա», - բարձր տոնով հայտարարել է նա։

Փաշինյանը հավելել է, որ լրագրողը դիտավորյալ «պառկել է», որպեսզի ՊՊԾ մարմինները կարողանան քայլել նրանց վրայով։

Լրագրողը նրան հիշեցրել է, որ ինքը նույնպես բողոքի ակցիաների ժամանակ պառկում էր ավտոբուսների տակ։ Դրան Փաշինյանն արձագանքել է, որ լրագրողը նույնպես պետք է հայտարարի պառկելուց առաջ, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները քայլեն իր վրայով։