Դուք աշխատում եք, դուք չարչարվում եք, բնության հետ կռիվ տալով հող եք մշակում, կարտոֆիլ և հացահատիկ եք աճեցնում, կաթ եք արտադրում, բայց այդ աշխատանքը միշտ չէ, որ դառնում է կայուն եկամուտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառման ժամանակ նշեց նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ դիմելով բնակիչներին։

«Մի տարի վաճառքի կամ մթերման նորմալ գին կա, մյուս տարի չկա, մի տարի մթերում կա, մյուս տարի չկա, և այսպես շարունակ, անորոշություններ։ Աշխատում եք ամբողջ տարին, բայց վստահ չեք, արդյո՞ք ձեր աշխատանքը և դրա արդյունքը իրացվելու է։

Խնդիրն այն չէ, որ դուք չեք աշխատում, խնդիրն այն է, որ դուք աշխատում եք, բայց ձեր  իրական, աշխատանքի իրական արժեքը դուք չէ, որ ստանում եք, վաստակում եք։ Լավագույն դեպքում դա ուրիշն է վաստակում, իսկ սովորաբար իրական արժեք չի էլ ստեղծվում։

Հնց այստեղից է, որ սկսվում է մեր առաջարկվող փոփոխությունը։ Մենք ասում ենք գյուղատնտեսությունը պետք է դառնա իրար հաջորդող գործընթացների փակ շղթա, այսինքն հողից մինչև պատրաստի արտադրանք։ Սա նշանակում է, որ մեր պատկերացրած համակարգում դուք դառնալու եք արժեք ստեղծող համակարգի կարևոր բաղկացուցիչ։ Եթե կարտոֆիլ ու հացահատիկ եք աճեցնում, այն պետք է այստեղ վերամշակվի, պահեստավորվի, փաթեթավորվի և վաճառվի որպես վերամշակված պատրաստի արտադրանք։ Եթե կաթ եք հանձնում մթերման, այն պետք է դառնա պանիր, յոգուրտ, բրենդավորված արտադրանք, այն անկախ նրանից, թե որտեղ կվաճառվի երկրի ներսում, թե դրսում, բայց դրանից ձևավորվող ամբողջ արժեքը պետք է մնա այստեղ՝ ձեր համայնքում։

Բայց սրա համար պետք է լինի մթերող, վերամշակող, պահեստավորող և վաճառող, այդ թվում արտահանող համակարգ,  մեկ ամբողջական շղթա, որպեսզի դուք իմանաք, թե ինչ եք արտադրում, ով է գնելու, ինչ գնով, որպեսզի զերծ լինեք անորոշությունից։

Մենք գալիս ենք ստեղծելու այդ ամբողջական շղթան, մենք կապելու ենք գյուղատնտեսությունը արդյունաբերության հետ։ Սա նշանակում է, որ ձեր աճեցրած և մթերած արտադրանքի համար սահմանված են լինելու նվազագույն երաշխավորված գներ։ Սա նշանակում է, որ ձեր արտադրանքն անմիջապես մտնելու է վերամշակման փուլ։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ ձեր աշխատանքը դառնալու է կանխատեսելի եկամուտ ապահովող, և դուք այլևս չեք աշխատելու, «տեսնենք, թե ինչ կլինի» տրամաբանությամբ«»,–ասաց Անանյանը։

Նա ընդգծեց, որ զարգացումը պետք է լինի գյուղերում, ոչ թե միայն Երևանում. «Հայաստանը պետք է ունենա համաչափ զարգացում, այլ ոչ թե զարգացած մայրաքաղաք միայն։ Երբ մենք ասում ենք, որ ամբողջ Հայաստանով մեկ արդյունաբերական գոտիներ ենք հիմնելու, դա միայն մեծ գործարանների կամ տեխնոլոգիական բարդ կառույցների մասին չէ, դա նաև ձեր մասին է։ Դա նշանակում է, որ ձեզ շատ մոտիկ կառուցվելու են վերամշակող արտադրամասեր, պահեստներ, աշխատատեղեր, ինչպես նաև մանրամեծ ածախ շուկա ձեր արտադրանքն ընդունելու համար։

Մեր խնդիրը շատ պարզ է: Ձեր աշխատանքը դարձնել արդյունք, ձեր արտադրանքը դարձնել արժեք, իսկ ձեր կյանքը դարձնել կայուն և արժանապատիվ: Սա է մեր առաջարկած փոփոխությունը, սա է մեր խոստումը ձեզ»,– ընդգծեց Անանյանը։