Մենք հիմա գտնվում ենք շատ կարևոր մի հանգրվանում. ամիսներ առաջ, երբ «Շանթ» դաշինքը սկսեց համագործակցությունը միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ, մենք պայմանավորվեցինք, որ մենք գնում ենք ոչ թե ուղղակի քաղաքական մի պրոցեսի և կամ ընտրության, այլ մենք գնում ենք արժեքների և սկզբունքների վրա հիմնված մի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու և դրանով պայքարը առաջնորդելու ճանապարհով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառման ժամանակ նշեց նախաձեռնության մաս կազմող «Շանթ» դաշինքի ղեկավար Շահեն Հարությունյանը։

«Մենք սկսեցինք շրջել գյուղերով և քաղաքներով։ Մենք փորձեցինք մարդկանց մեջ հույս արթնացնել, այն հույսը, որ սպանել են ավելի քան 30 տարի՝ ասելով, թե մեզանից ոչինչ կախված չէ։ Եթե կախված չէր մեզանից ոչ մի բան, ապա ինչի՞ էին այդքան համոզում մեզ բոլորիս։ Այսօր արդյունքները կան, մենք կարողացել ենք և կարողանում ենք փոխել Հայաստանում և անգամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների տրամադրությունները, մտքերը, նրանց մեջ առաջացրել ենք հույս և հավատք ապագայի նկատմամբ։

Տարբեր գյուղերում և քաղաքներում մեր շփումների ընթացքում, փակ հանդիպումների ընթացքում, բաց զրույցների ընթացքում, ասում են՝ մենք տեսնում ենք այդ հույսն ու ապագան ձեզանով, որովհետև մարդիկ եք, որոնք չեն հայտնվել ուղղակի նախընտրական խոստումների համար։ Դուք մարդիկ եք, որոնք խոսում են արժեքներից և սկզբունքներից, այլ ոչ թե պոպուլիստական խոստումներ եք տալիս, ինչպես եղել են տասնամյակներ շարունակ։

Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տարածաշրջան, այդ թվում այս տարածաշրջանը, տվել է իր հերոսական պայքարը։ Եվ հիմա որևիցե մի տարածաշրջան, որևիցե մի մարզ, գյուղ և քաղաք դուրս չի մնալու այս պայքարից։ Փոփոխությունները ոչ թե գալու են, այլ արդեն սկսել են, փոփոխությունները սկսվել են մեր մտքում, մեր սրտում և մեր հոգում, որովհետև մենք սկսել ենք հավատալ, որ Հայաստանը ունի ապագա, ազատ և անկախ ապագա, և մենք յուրաքանչյուրս տեր ենք կանգնելու մեր պետությանը։

Իսկ տեր կանգնելու համար նախ և առաջ պետք է տեր կանգնենք այն քաղաքական ընտրությանը, ինչը սպասվում է մեզ, և այո, մենք հավատում ենք, որ դեռ չի չորացել մեր արմատի ծիլը և այն շարունակվելու է հավետ։ Հիշենք, որ երբ չի մնում ելք ու ճար խենթերը միշտ գտնում են հնար»,–ասաց նա։