Ես կարծում եմ, որ գազի գինը չի փոխվի, որովհետեւ կարծում եմ՝ մեր գործընկերներին պետք է, որ Հայաստանը մնա և ՀԱՊԿ–ում, և ԵԱՏՄ–ում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը ՀՀ–ի նկատմամբ գնա կոշտ քայլերի և օրինակ, բարձրացնի գազի գինը, ապա Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ԵԱՏՄ–ից, թե ՀԱՊԿ–ից։
«Իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, էլ ինչո՞ւ պետք է մնա այդ միության մեջ, կսկսվի այլ միության մեջ մտնելու գործընթաց ավելի արագացված կերպով։
Իսկ ի՞նչ է եղել Հայաստանի հետ նախքան ԵԱՏՄ–ն. Ոչ մի բան։ Ըստ էության, այնպես չէ, որ ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսության մեջ աստղաբաշխական աճեր են արձանագրվել։ Հիշեցնեմ, որ 2013-2016 թվականներին Հայաստանում տնտեսական աճը եղել է 1-2 տոկոս։ ԵԱՏՄ–ում դրական զարգացումները սկսվել են դրանից հետո և բացարձակապես կապ չունեն ԵԱՏՄ–ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ։
Օրինակ, ինչպե՞ս է Վրաստանն աշխատում Ռուսաստանի հետ, կամ Ուզբեկստանը, կամ Ադրբեջանը։ Նրանք ԵԱՏՄ անդամ չեն։
Ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ–ին շատ բան է տալիս, այդ թվում ՀՀ տարածքով շատ ապրանքներ են գնում ԵԱՏՄ տարածք, որոնք ԵԱՏՄ–ին պետք են։ Ես ուզում եմ ասել՝ եկեք մենք մեր կարևորությունը չթերագնահատենք»,–ասաց նա։
Այս աշխարհում ոչ մի բան անվճար չի, այդ թվում գազի գինը, և այն, որ գազի գինը ՀՀ–ում 185 դոլար է, դա գեղեցիկ աչքերի համար չի։











