Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որը նախկինում ոստիկան է եղել և զբաղեցրել է Ոստիկանության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցին։
Արման Սարգսյանը փորձել է հավաստիացնել լրագրողներին, թե գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը։ «Չգիտեմ՝ որքանով են իրավաչափ եղել գործողությունները։ Գիտեմ միայն այն, որ ոստիկանությունն օրենքով ուժ կիրառելու իրավունք ունի։ Կատարվածի մանրամասներին ծանոթ չեմ»,- հայտարարել է Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ ուշացումով ներկայացել էր «Սուրբ Աննա» եկեղեցու պատարագին։ Որոշելով, որ երկրի առաջին դեմքին հարիր չէ կանգնել մուտքի մոտ՝ թիկնազորը սկսել էր բավականին գռեհիկ ձևով հրմշտել հավատացյալներին, որպեսզի Փաշինյանն անցնի դեպի խորան։ Շատերին նման պահվածքը դուր չէր եկել, իսկ երկվորյակ եղբայրներ, ավագ դպրոցի աշակերտներ Միքայել և Դավիթ Մինասյանները բարձրաձայնել էին իրենց դժգոհությունը։ Սա առիթ էր դարձել միջադեպի, որն ուղեկցվել էր քաշքշուկով, եղբայրների բերման ենթարկմամբ և ձերբակալությամբ։ Միքայել Մինասյանին ազատ են արձակել, իսկ Դավիթ Մինասյանին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորել են։ Երիտասարդն ունի սուր ալերգիա, որն անհամատեղելի է ազատազրկման հետ։ Այս հանգամանքը դատավոր Մնացական Մարտիրոսյանի համար նշանակություն չի ունեցել։ Ներկայումս Դավիթը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց՝ վիճակի վատթարացման պատճառով։











