ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի:

«Մի՛ ասա՝ երբե՛ք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը… ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր:

Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ, որը չարեց։

Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ ՌԴ նախագահ Պուտինի մոտ այդ շփոթմունքը որտեղի՞ց էր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Պարոն Պուտինին էլ մեկ-մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինեն»։