Նախ այդ վերջնագրերը առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք, ուղղակի հետաքրքիրն այն է,մ որ առաջին անգամ այդ ամեն ինչը լսեցինք երկրի նախագահի կողմից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՌԴ–ի կողմից հնչող սպառնալիքներին, որ եթե Հայաստանը Եմ անդամ դառնա, ՌԴ–ի հետ անգամ օդային հաղորդակցություն չի կարող ունենալ, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան տեղի չի ունենա, այնտեղի հայերի բիզնեսները խնդիրներ կունենան, գազի գինը կթանկանա և այլն։

«Հիմա արդեն մեր ժողովուրդը պետք է որոշի՝ կամ Ռուսաստանի հետ, կամ առանց Ռուսաստանի, Եվրոպայի հետ։ Մենք հիմա տեսանք, որ Հայաստանի ամենահզոր դաշնակիցը, որը նաև մեր անվտանգության երաշխավորն էր 1828 թվականից, ոնց որ Օվերչուկը գնաց հասավ Թուրքմենչայի պայմանագիր, ինչպես է սպառնում։ Օվերչուկը Թուրքմենչայի պայմանագիրը դիտավորյալ շեշտեց, բայց ինքը մի բան մոռացավ, որ Թուրքմենչայի պայմանագիրը, որ կար, Հայաստանի տարածքը ինչքան էր, երբ որ իրենք մտան Հայաստանի տարածք, մտան Կովկաս և եկան Հայաստանի տարածք, և հիմա ինչքան է թողել, ինչքան է Ռուսաստանը նվեր տվել Հայաստանի տարածքները օտար ազգերին։

Ժողովուրդը այդ հարցը պետք է որոշի հանրաքվեով, թե ուր է ուզում գնալ։ Ժողովուրդը պիտի որոշի, ոչ թե պաշտոնյաները։

Հիմա հունիսի 7–ին էլ է ժողովուրդը որոշելու, թե ներկայիս իշխանություններն են մնալու, թե՞ ուրիշ իշխանություններ են գալու։ Հիմա փաստացի Ռուսաստանը մտավ մեր ներքին հարցերի մեջ ու ցանկանում է, որ այն կուսակցությունները, որոնք ռուսամետ են, պետք է մասնակցեն այդ ընտրություններին ու ինչ ուզենան անեն։ Ուզենան՝ կաշառք տան, ուզենան՝ փող բաժանեն, պահանջում են, որ թույլատրելի լինի ամեն ինչը»,–ասաց նա։

Գագիկ Մելքոնյանին վրդովվեցրել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունները՝ կապված Արցախի հարցի հետ. «Իինքն ասաց՝ եթե դուք չգնայիք Պրագա Արցախը չճանաչեիք Ադրբեջանի կազմում ամեն ինչը լավ էր։ Բայց մեր երկրի ղեկավարը իրեն ասաց՝  չէ՞ որ մինչև մեր ճանաչելը դուք արդեն երկու անգամ ճանաչել էիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Ինքը նաև դա մոռացել էր»։

Հարցին, եթե վաղը Ռուսաստանը Սյունքը ճանաչի Ադրբեջանի մաս, դա ենթադրում է, որ մենք էլ պետք է ճանաչե՞նք դա, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, հիմա արդեն մենք անկախ պետություն ենք, բավականին անկախացել ենք և այդ հանդիպումից մենք տեսանք, որ մեր ղեկավարությունըանկախության ահագին խնդիրներ լուծել է։

2020 թվականին Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ նմանատիպ հարցեր չէր կարող շոշափվել, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանը դեռ որոշիչ դեր ուներ և Արցախի անվտանգությունը իր ձեռքն էր, իսկ Արցախը միշտ եղել է խաղաքարտ, որպեսզի մեզ խեղճացնեն, որպեսզի մեզ պահեն որպես ֆորպոստ»։

Անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, որ գազի գինը Հայաստանի համար 177 դոլար է, իսկ Եվրոպայում 600–ի է հասնում, Գագիկ Մելքոնյանը նկատեց, որ այդ գնով Ռուսաստանը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ Հայաստանի ժողովուրդը գազը գնում է մոտավորապես 400 դոլարով. «

«Ռուսաստանը մեր վրա գազը ծախում է 400 դոլարով։ Եթե 400 դոլար է հիմա, մենք այլընտրանք ենք ունենալու, օրինակ Իրանից կարող ենք գազ գնել։ Գազի այն խողովակաշարը, որ Իրանից մտնում է Հայաստան, դա Հայաստանին բավարարող չափաքանակ է։ Իսկ Իրանից այդքան թանկ չի գազը։ Իրանական գազը ավելի էժան է լինելու, քան հիմա մենք Ռուսաստանից ենք առնում»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ–ում ապրող հայերը բիզնեսներում խնդիրներ կարող են ունենալ, օդային հաղորդակցությունը կարող է փակվել, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Էդ ասում են՝ օդը փակելու է, Դրանից մենակ մե՞նք ենք տուժելու, իրենք ավելի շատ են տուժելու։ Այո, մենք փոքր երկիր ենք ու միշտ այդպես չոքած պիտի ապրենք, հա՞, իրենք ինչ ասեն՝ այն անենք, հա՞։ Փոքր երկիր ենք, պիտի արժանապատվի ձևով մեր երկիրը ապրի։ Հիմա մեր երկիրը Ամերիկայի հետ հարաբերությունների մեջ է, Անգլիայի հետ հարաբերությունների մեջ է, Իտալիայում ձեր ասած ինքնաթիռի տոմսը արժի 35-36 դոլար։ Մարդիկ գնալու են Եվրոպայում աշխատեն։ Դրանք բոլորը լուծվող հարցեր են, այնպես չի, որ Եվրոպայում չեն հասկանում, թե ինչ է կատարվելու Հայաստանի գլխին։

Այդ վերջնագիրը, որ դրել են մեր առաջ, դարերով անընդհատ մեր առաջ է եղել։ Արարատ լեռը, երբ որ նվիրում էին Թուրքիային, էլի այդ ուլտիմատումը մեր առաջ էր, ամբողջ Ղարս, Արդահան հանձնեցինք, եկանք Հայաստան։ Նույնը արեցին Արցախում, մեր ամբողջ սպառազինությունը նվեր տվեցին, էլի եկան Հայաստան։ Հիմա կամաց-կամաց ու՞ր պիտի տանեն, արդեն մենք հասել ենք այն վերջնակետին, որ էլ տալու տեղ չունենք։ Մենք չենք կարող չոքած ման գանք, էլ տեղ չկա։

Ասում եք՝ Զանգեզուրը իրենք ճանաչեն Ադրբեջանի մաս, իրենք դա չեն կարող անել, որովհետեւ Զանգեզուրը հիմա մենք ենք պաշտպանում, մեր զորքերն են այնտեղ, ռուսական զորք չկա, ռուսական երաշխիք չկա»։

ՔՊ–ական պատգամավորը հայտարարեց, որ Թրիփ ուղու գոյությունն է, որ վախեցնում ու գազազեցնում է Ռուսաստանին, քանի որ իրենք կորցնում են իրենց հնարավորությունները Հարավային Կովկասում. «Դրա համար են «կամ–կամ» անում, իրենցից բաժանվելը շատ դժվար ու ցավոտ է լինելու մեզ համար, բայց կգա այն պահը, երբ ժողովուրդը կորոշի՝ բաժանվել, թե՞ չբաժանվել։ Կարող է ժողովուրդը պահանջում է, ասում է՝ չէ, մենք մայր Ռուսաստանի հետ ենք հավերժ մինչև կոտորվենք, մինչև վերջի հայը վերանա։

Ռուսաստանը չի ուզում որ լինի Հայաստան պետություն։ Ինքը ուզում է մի հատ ռուսական նահանգ լինի, իրենք էլ նշանակեն նահանգապետ, ոնց որ մինչև հիմա եղել է։

Օրինակ, Թուրքիայի հետ Հայաստանի ո՞ր ղեկավարն է գնացել, նստել, հարցեր քննարկել, ոչ մի ղեկավար։ Միշտ մեր փոխարեն Ռուսաստանն է այնտեղ հարցեր կարգավորել։ Էրդողանի հետ պիտի մենք նստենք, խոսենք, ոչ թե Լավրովին խնդրենք, թե՝ գնա տես ինչ է ասում։ Արդյունքում մենք մնում ենք մեր հարևանների հետ թշնամի։

Մենք պիտի հասկանանք, որ այդ թշնամությունից մենք տուժել ենք, որ այդ թշնամությունը հրահրել է Ռուսաստանը»։

Հարցին՝, թե Ռուսաստանից եկող այս վերջնագրերի ֆոնին ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը, նա արձագանքեց. «Մեր արտաքին քաղաքականությունը լավ առաջ է գնում, վարչապետն էլ ասաց, որ երբ գա «կամ–կամ»–ի ժամանակը, մեր ժողովուրդը կորոշի։

Եվրոպա գնալը ժամանակ է տևելու և ժամանակ կա մտածելու, թե ինչ պիտի արվի։ Ռուսաստանի հետ հիմա մենք էլի աշխատում ենք, մեր ապրանքներն այնտեղ վաճառվում են, իրենց ապրանքները այստեղ վաճառվում են, բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք։

Ամեն ինչը ընտրություններից հետո կընկնի իր տեղ։ Օվերչուկը հիմա մեզ վախեցնում է, որ ընտրություններին ժողովուրդը ձայնը տա Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, այդ պրոռուսական եռյակին։ Որոշ շրջանակներ էլ ասում են՝ տեսա՞ք, որ մենք ուրիշ տեղ չունենք գնալու, որպեսզի ընտրություններին իրենք կարողանան հաղթանակ տանեն: Այ սա է խնդիրը։ Օվերչուկը մի տարի առաջ էլ է խոսացել այս նույն պլաստինգեն դրել, քոքել է, երկու տարի առաջ էլ է այս նույն պլաստինգեն քոքել»։