Իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների հրատապությունը, որոնք վերաբերում են կուսակցությունների անվանումներում անունների հիշատակման արգելքին։ Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է այս նախաձեռնությունը, և ընդունման դեպքում նորմը կտարածվի հունիսի 7-ի ընտրությունների վրա։ Այս գաղափարը սուր քննադատության է արժանացել առաջին հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից, որը մտադիր էր ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ գործընթացը բխում է համամասնական ընտրակարգի ոգուց ու բովանդակությունից, և անհրաժեշտությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններին հենց այդ ոգին ու բովանդակությունը հաղորդելու ձգտմամբ։ «Որպեսզի չլինի «ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք», - հայտարարել է Ալեքսանյանը՝ բացահայտ ակնարկելով Կարապետյանի կուսակցությանը։
Պատգամավորը նշել է, որ համանման փոփոխություններ են կատարվել են նաև ՏԻՄ-ի մասին օրենքում, սակայն նման աղմուկ չեն բարձրացրել։ «Որովհետև այն ժամանակ դեռ չկար այն երևույթը, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ուղարկեր այստեղ ձայներ հավաքելու՝ ինչ-որ մեկին նվիրելու համար»,- կարծում է Ալեքսանյանը։ Զարգացնելով «սուրհանդակի» թեման՝ Ալեքսանյանը հայտարարել է, որ Կարապետյանի հայտարարություններն ակնհայտորեն թարգմանված են այլ լեզվից, և բանասերների համար դժվար չի լինի հասկանալ, թե կոնկրետ որ լեզվից։ Ընդհանուր առմամբ, պատգամավորի համոզմամբ, Սամվել Կարապետյանն ինքնուրույն չի որոշում, թե ինչ ասել, ինչի մասին խոսել և այդպես շարունակ։
Վահագն Ալեքսանյանն առաջարկել է ուսումնասիրել Քննչական կոմիտեի տվյալները՝ Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրողներին կաշառելու փորձի վերաբերյալ։ «Իսկ նրանք հեռախոսով փողից են խոսում (ստացվում է՝ պատգամավորը հրապարակել է գաղտնալսման տվյալները), տեսեք ինչ խելոքներ են, ճիշտ իրենց առաջնորդի պես։ Եվ ահա նրանցից մեկն ասում է՝ «փողին քյաբաբ կասեմ»։ Ահա թե ինչ գերինտելեկտուալներ են. ինչպիսին առաջնորդն է, այնպիսին էլ հետևորդներն են»,- շարունակել է հեգնել Վահագն Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ ընդհանրապես հասկանալի չեն այն մեղադրանքները, ըստ որոնց Ընտրական օրենսգրքի փոփոխության պատճառով ընտրությունները կդառնան անարդար և ոչ ժողովրդավարական։ «Քվեաթերթիկի վրա գրված են ցուցակի առաջին երեք անձանց անունները։ Անունը քվեաթերթիկի վրա նշելու հնարավորություն կա։ Այլ հարց է, եթե նա 20 երկրի քաղաքացի է և 40 երկրի լրտես։ Ի՞նչ գործ ունի նման մարդու անունը քվեաթերթիկի վրա»,- հայտարարել է Ալեքսանյանը՝ ժամանակ առ ժամանակ թույլ տալով կոռեկտության և պատգամավորական էթիկայի սահմաններից դուրս եկող հայտարարություններ։
Ընտրություններում ՀՀկ-ի չմասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը հստակեցրել է, որ ՀՀԿ-ն հայտարարել է միայն ուղղակիորեն չմասնակցելու մասին։ Նրա խոսքով՝ ՀՀԿ անդամներն ակտիվորեն ներկայացված են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցություններում, և փաստացի իր ռեսուրսը կբաժանի այդ ուժերի միջև։











