Զորի Բալայան անուն-ազգանունը մեր այսօրվա, երեկվա և վաղվա Հայաստանի խորհրդանիշներից մեկն է. Զորի Բալայանը արել է այնքան բան, հատկապես Արցախյան շարժման ժամանակ, որը դեռ գնահատված չի մինչև վերջ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը։
«Սիլվա Կապուտիկյանի հետ միասին իրենք դարձան այդ օրվա հերոսները, որովհետև ազգային ազատագրական պայքարը արթնացավ հենց այդ օրերին։ Նրանք այն մարդկանցից էին մտավորականների շարքից, որոնք կարողացան համախմբել նաև ամբողջ ժողովուրդը, որովհետև դա արդեն ազգային ինքնության զարթոնքն էր։ Զորի Բալայանը և ես եղել ենք կոլեգաներ, մենք աշխատել ենք Խորհրդային Միության տարիներին որպես սեփական թղթակից, ինքը «Լիտերատուրնայա գազետա»–ի, ես՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի, և մենք շատ հետաքրքիր հանդիպումներ, զրույցներ ենք ունեցել։
Իր նման հայրենիքին, իր ազգին և իր հողին նվիրված շատ քչերը կան։ Եվ ես զարմանում եմ, թե այսօր այդ նույն մտավորականներից ինչո՞ւ որևէ մեկը չկա, որը կրկներ այն, ինչ որ արեցին ժամանակին այդ մտավորականները։ Այն ժամանակ ոչ թե միայն Զորի Բալայանը և Սիլվա Կապուտիկյանն էին, այլև Սերգեյ Համբարձումյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Հենրիգ Իգիթյանը, Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը։ Դա եղավ այն սերուցքը, որը կարողացավ արթնացնել ազգին։
Շատ ցավում եմ, որ Զորի Հայկովիչը այս պահին գնաց, ինքը պետք է տեսներ վերադարձը իր հայրենիքի՝ Արցախի։ Ինքը այնքան էր ցավում իր հայրենիքի համար, որ հիմա մենք պիտի շարունակենք այդ գործը։ Ես գտնում եմ, որ արցախցիները վերադարձի իրավունքը պետք է անպայման իրականացնեն»,–ասաց նա։











