Զորի Բալայանի հետ այնքան շատ դրվագներ են եղել տարբեր հանդիպումների, խոսակցությունների, որ այս պահին կդժվարանամ ինչ-որ մի բան առանձնացնել, բայց Զորի Բալայանը դարակազմիկ երևույթ էր, և որպես անհատ, և որպես ազգային գործիչ, և որպես մարդ, որը երկար ճանապարհ է անցել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Այն, որ նա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին առաջին բարձրաձայնողներից մեկն է, սա բոլորի համար էլ փաստ է։ Հիշենք, թե այդ տարիներին ինչպիսի դժվարություններով, ինչպիսի խոչընդոտներ հաղթահարելով կարելի էր խոսել այդ իրավունքի մասին։ Ովքեր ծանոթ են Զորի Բալայանին որպես գրող, որպես գրականության մարդ, նրա ստեղծագործություններին, նրանց մոտ անպայման այդ գիծն էլ կառանձնացվի, որ մինչև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսելը, հայկական ինքնության, հայկական ազգային արժեքների մասին նրա գործերը գալիս էին առանձնացնելու նրան։ Դա արվում էր առաջին հերթին ոչ թե մեր ներքին ազգային օրակարգի համար, այլ պարզապես աշխարհին հայի հետ ծանոթացնելու համար։ Այս իմաստով նա անգերազանցելի է։
Այդուհանդերձ, նրա գործունեության մեջ կիզակետը Արցախի ազգային ազատագրական շարժումն է և այդ իմաստով, երևի թե, նա այն բացառիկ գործիչներից է, որ կարողացել է տեսնել իր գործունեության, իր համախոհների աշխատանքի արդյունքը։
Բայց ցավոք սրտի նաև հասցրել է տեսնել այն մեծ ողբերգություններն ու դժբախտությունները, որ եղել են արդեն 2020 թվականին ու դրանից հետո։
Մենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենք շատ ակտիվ շփումների մեջ եղել, հիմնականում հեռախոսակապի միջոցով։ Դա այն օրերն էին, երբ նրա թոռը ծառայում էր առաջնագծում։ Ես համոզված եմ, որ ոչ միայն ինձ էր զանգում, այլ բազմաթիվ մարդկանց հետ։
2020–ի արդեն հոկտեմբերի կեսերից հետո օրվա վիճակի հետ կապված խոսակցությունից հետո նա հարցնում էր՝ բայց ոնց որ ինչ-որ բան այդպես չի գնում։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նա շատ վառ հետագիծ է թողել իրենից հետո և ամենակարևորը՝ Զորի Բալայանի կողմից այդ նույն ազգային արժեքների մասին խոսելը, ազգային ազատագրական պայքարի ճշմարտացիությունը և այդ գիծը պահելը շատ վառ օրինակ է և շատ ճիշտ օրինակ է հետագա սերունդների համար»,–ասաց նա։











