«Գելափին» հիասթափություն է սպասվում ընտրություններից հետո։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է ՔՊ–ն իշխանության ձգտում, երբ հարցումներով ընդամենը 24 տոկոս ձայն ունի։
«Բազմաթիվ հարցումներ կան, որ որոնցով պարզվում է՝ քաղաքական ուժերը պիտի 500% ձայն տանեն, որ այդ հարցումների շեմերի մեջ տեղավորվեն, որովհետև հարցում կա, որտեղ մեկ այլ քաղաքական ուժ ասում է, որ ինքը 50% կտանի, մեկ այլ քաղաքական ուժ ասում է, որ ինքը 70% կտանի և կկարողանա սահմանադրություն փոխել փողոցում, Հայաստանի Հանրապետության քաղաքներում, գյուղերում, այլ իրավիճակ է, խորհուրդ կտամ էդ մարդկանց չկտրվել Հայաստանում տիրող իրավիճակից»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանի կողմից որդու մասին հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, Խուդաթյանն ասաց. «Պարոն Քոչարյանը ներողություն է խնդրել»։
Դիտարկմանը, թե նշանակում է, որ կարելի է վիրավորել, այնուհետև ներողություն խնդրել, Խուդաթյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, պարոն Քոչարյանը ներողություն է խնդրել։ Նա իրավիճակ է ասել, որտեղ այո, խնդրահարույց բան կա, ինքը ընդունել է, որ իր ասած խոսքերի մեջ խնդրահարույց բան կա կամ տարընկալում կա, դրա համար ներողություն է խնդրել։ Դրանից ավելի, դրանից ավելի քաղաքակիրթ և դրանից ավելի բան, չեմ պատկերացնում։ Շատ ցանկալի կլինի, որ ընդհանրապես տարընթերցում առաջացնող մտքեր չհնչեն, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության, բոլոր, աշխարհի բոլոր մարդկանց կողմից, ցանկալի կլինի, որ ՔՊ-ն հեռու չի այդ իրավիճակից։ Ութ տարվա մեջ կարող եք 5 օրինակ էլ նշել, բայց դա չի նշանակում, որ ՔՊ-ն հեռու է այդ իրավիճակից»։











