Auto Gallery ընկերությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ գործարկելով Auto Gallery Recharge նոր ենթաբրենդը։ Սա լիցքավորման կայանների ժամանակակից ցանց է, որը նպատակ ունի ամբողջությամբ փոխել էլեկտրամոբիլների ենթակառուցվածքը թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ամբողջ տարածքում։
Նախագծի պաշտոնական մեկնարկը նախատեսված է այս տարվա հուլիսին, սակայն բոլոր նրանք, ովքեր Auto Gallery–ից ավտոմեքենա կգնեն սկսած ապրիլի 10-ից՝ Leasing Expo-ի մեկնարկից, կստանան հատուկ վաուչերներ։ Հուլիսին, նախագծի մեկնարկից հետո, նրանք կկարողանան օգտվել լիցքավորման կայաններից անվճար՝ երաշխիքային սպասարկման ամբողջ ընթացքում։
«Հայաստանում առաջին անգամ մեկ ընկերության վաճառած բոլոր մեքենաները երկրի ամբողջ տարածքում կկարողանան անվճար օգտվել լիցքավորման ծառայությունից։ Կոմերցիոն մեքենաների համար համար նախատեսված է հինգ տարի ժամկետ, մարդատար մեքենաների համար՝ մինչև վեց տարի։ Ընկերության այն հաճախորդները, որոնք մեքենա են ձեռք բերել մինչև այս պահը, հնարավորություն կունենան գնել փաթեթներ, որով հոսանքի գինը կհաշվարկվի այն գնով, որով կարող են լիցքավորել իրենց տանը»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը։
Մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է տեղադրել շուրջ 90 լիցքավորման կայան, որոնցից ավելի քան 30-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացածը կծածկեն Հայաստանի բոլոր մարզերը։ Կայանները լինելու են Fast Charger տեսակի՝ 160 կՎտ հզորությամբ։ Յուրաքանչյուր կայան հնարավորություն կունենա միաժամանակ արագ լիցքավորել մի քանի մեքենա։ Դրանք համալրված են լինելու BЕSS (Battery Energy Storage System) համակարգով, ինչը թույլ կտա ապահովել կայուն և անխափան լիցքավորում՝ անկախ էլեկտրական ցանցի տատանումներից։
Auto Gallery–ի հիմնադիր տնօրենի խոսքով՝ սա սոսկ կայանների ցանց չէ, այլ բիզնեսի նոր մոդել և սկզբունքորեն նոր մոտեցում։ Ընկերության նպատակն է ստեղծել ամբողջական էկոհամակարգ։ Այդպիսով, Auto Gallery–ն հոգում է, որ հաճախորդը մեքենան գնելուց հետո չունենա որևէ խնդիր շահագործման ընթացքում։
«Մենք ձևավորում ենք ոչ միայն մեքենա գնելու պայմաններ, այլև դրանց տիրապետման մշակույթը։ Մեր հաճախորդները չպետք է մտածեն ոչ մի բանի մասին, բացի վարելու հաճույքից»,– հայտարարեց Գևորգ Գևորգյանը։
Բացի լիցքավորման անվճար կայաններից, Auto Gallery–ում արդեն իսկ գործում են Trade-in և Buy-back (հետգնման) ծառայությունները, ինչպես նաև անվճար սպասարկում երաշխիքի ժամկետում։ Իսկ Auto Gallery Recharge–ի ներդրմամբ Auto Gallery–ն փաստացի դառնում է Հայաստանում առաջին ընկերությունը, որը գնորդին տրամադրում է ամբողջական ծառայություններ՝ հաճախորդին ազատելով անգամ լիցքավորման ծախսից։











