Վերջին տարիներին սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես, երեկ Կոտայքի մարզ կատարած մեր շրջայցի ընթացքում, օրինակ, ջերմատներից մեկը, որը Ֆանտան գյուղում էր, էլի սփյուռքի գործարարներից էր ներդրում անում։ Մենք տասնյակ ներդրումներ ունենք, այս նախագիծն էլ սփյուռքի գործընկերների ներդրումային պատրաստակամությունն է, որոնք ներգրավված են համահայկական խաղերի կազմակերպման գործում, էլ չասեմ, որ այսօր Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը Firebird ընկերության ներդրումային ծրագիրը, որը խոշոր է և՛ ֆինանսական առումով, և՛ բովանդակային առումով, և ունի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային տրամաբանություն, ըստ էության սփյուռքի մեր գործարարների, մասնագետների և ներդրողների ներդրումն է, ինչը շատ կարևոր արձանագրում է։

Երևանում մեր շրջայցերի ընթացքում տասնյակ սփյուռքահայերի ենք հանդիպել, որոնք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ իրականությունների ընկալման բանաձևերի հետ կապված շատ լուրջ վերանայումներ պիտի անեն. «Մենք պետք է շատ հստակ կարողանանք գնահատել, թե ով ում է ներկայացնում, որովհետև մեր իրականության մեջ ընդունված է, ով ասես, կարող է ում անունից ասես խոսա։ Լեգիտիմության գործոնը այդպես միշտ չի, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացել, և այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն։

Ինչ-որ գրասենյակներ կան, խմբեր կան, ակումբներ կան, որոնք իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսել։ Այդ մարդիկ սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրենք սփյուռքը չեն։ Ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ իրենք այլևս այնքան ճնշող փոքրամասնություն են, որ ես միանշանակ ասում եմ, որ իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու։

Այդ կազմակերպությունները, ինչպես ասում են, «անունը կա, ամանումը՝ չկա»։

Իհարկե, մենք, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հնարավորինս ներառական ենք փորձում լինել և աշխատում ենք այդ տրամաբանությամբ, բայց նաև այդ աշխատանքի ընթացքում ենք մենք տեսնում դա, որովհետև մարդկանց հետ շփումը ուրիշ բանի մասին է, իսկ անհատ անձանց, ովքեր ինչ-որ վկայականներ ունեն՝ չգիտես ում կողմից թողարկված, իրենց հետ շփում բոլորովին ուրիշ բանի մասին է»,– ընդգծեց վարչապետը։