Փաստաբան Լուսինե Ավագյանը մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը, ականատես է եղել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որից հետո 18–ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել էր 2 ամսով։
Նա NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ այդ օրը տեղի ունեցածից։
«Սուրբ Աննա եկեղեցին իր ամբողջ տարածքով լեփ–լեցում էր և յուրաքանչյուր փոքր շարժը նկատելի էր ամբողջ խմբի համար։ Այն արարողակարգն էր, երբ սրբապատկերները եկեղեցական կանոնի համաձայն, դուրս էին բերվում, քահանան էլ իրենց հետ եկեղեցուց դուրս էր գալիս։ Չնայած մարդիկ իրար մեջ կարծես գործած լինեին, բայց փորձում էին ճանապարհ տային, որպեսզի սրբապատկերները դուրս բերվերին։ Չէր ստացվում ընդհանուր պատարագի իրավիճակի չխաթարումը, քանի որ մի փոքր տեղաշարժը ամբողջ ժողովրդին շարժում էր։
Եվ այդ ընթացքում, երբ սրբապատկերները դուրս բերեցին, ես դեմքով դեպի խորանը կանգնած էի առջևի մասում և սկսվեց աննորմալ հրմշտոց, տպավորությունն այնպիսին էր, որ արդեն սրբապատկերներն են ներս բերում։ Երբ դեմքով շուռ եկա, տեսա, որ մուտքի մոտից ինչ-որ թիկնազոր առաջ են գալիս մաքսիմալ հրելով, մեջտեղի մասում գտնվում է Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, հետևի մասում նորից թիկնազոր։ 20-25 մարդ փորձում են ճեղքել և առաջանալ բավականին երկար ճանապարհ։
Այն ընթացքում տարբեր բովանդակության խոսույթներ են գնում, որևէ մեկը չողջունեց Փաշինյանի այդտեղ գտնվելը, մեկն ասում էր՝ եկել ես այստեղ էլ պղծես, անամոթ քո տեղը չի, շատ վատ խոսույթ հնչեց, և դա վստահ լսելի էր պարոն Փաշինյանին։
Նույնիսկ երիտասարդ սարկավագը ձեռքերը դողացնում էր թերթելուց, այսինքն այդ մարդկանց համար այդքան անսպասելի էր Փաշինյանի այցը պատարագի։
Պատարագին իր ներկա գտնվելը մոտ 15 րոպե է տևել, որից հետո ինքը շուռ եկավ, երևի հասկացրեց, որ ուզում են դուրս գալ։ Եվ այդ նույն ձևով, ինչպես մտել էին, դուրս էին գալիս, ու նորից հնչում էին նույն վարկաբեկիչ խոսքերը իր հասցեին ուղղված։
Երբ հասան այն հատվածին, որտեղ գտնվում էին Դավիթը և իր եղբայրը, հրելու ժամանակ երևի ինչ-որ բան էր ասում թիկնազորից ինչ-որ մեկը, Դավիթը բարձր ձայնով ասաց՝ ես մեջտեղը պիտի կանգնեմ։ Հաջորդ ավելի ուժեղ հրելը եղավ և այդ ժամանակ հստակ երևաց, որ Փաշինյանի հայացքը սևեռված է Դավիթի ուղղությամբ, և Դավիթը շատ ավելի բամբ ձայնով ասաց՝ տենց վրես չնայես։
Այդ խոսքից հետո հրոցը ավելի ուժեղացավ և հետ-հետ գնալու, ընկնելու մակարդակով Դավիթը առաջ բերեց ձեռքը։ Երբ ինքը առաջ բերեց, Փաշինյանը ավելի առաջ էր գտնվում, իմ ընկալմամբ, համենայնդեպս, դա ոնց որ ավելի շատ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի մեջտեղում էր, բայց որևէ մեկին ոչինչ չի կպել։ Դա եղել է բնական ռեակցիա»։
Հարցին՝ այդ ժամանակ Դավիթին հարվածե՞լ են, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Երբ Դավիթն ասաց՝ այդպես վրես մի նայի, թիկնապահը հրեց և Դավիթը բնազդով ձեռքը ավելի առաջ բերեց, դրանից անմիջապես հետո թիկնապահի կողմից հարված եղավ Դավիթի ուղղությամբ, ու կպել է այդ հարվածը, որովհետև Դավիթը այսպես ընկած վիճակում էր։
Ես միանգամից փորձել եմ դուրս գալ իմ շարքից ու գոռում էի, ասում էի՝ խնդրում եմ, այստեղ սադրում են, ոչ մի բան մի արեք։
Իրենց գնալուց հետո, ես նկատեցի, որ թիկնազորի տարբեր անդամներ դեռ գտնվում էին եկեղեցում։ Վստահաբար հաշվառում էին, թե ով արեց, ում հետ ոնց վարվեն, ոնց հաշվեհարդար տեսնեն։ Հետո տեղի ունեցավ հաղորդությունը, ստացել ենք հաղորդություն, ես գնացել եմ»։
Անդրադառնալով հարուցված քրեական վարույթին, Լուսինե Ավագյանն ասաց, որ զավեշտալի է, որ Դավիթն ու իր եղբայրը մեղադրվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով. «Իբր պարոն Փաշինյանը եկեղեցում իրականացնում էր քաղաքական գործունեություն, և ֆիզիկական բռնություն գործադրելով, Դավիթ Մինասյանը կազմակերպված խմբի կազմում որոշել է միջամտել քաղաքական գործունեության իրականացմանը: Նախ ֆիզիկական բռնություն տեղի չի ունեցել, ֆիզիկական բռնության նկարագիրը հստակ քրեական օրենսգրքով տրված է, որ պիտի հարվածը հստակ լինի, ֆիզիկական ցավը հստակ պիտի պատճառված լինի և ավելին՝ այդ հարվածները պետք է լինեն մեկից ավել։
Այսինքն սա բացահայտ պատվեր է, քանի որ իրավաչափ գնահատական տալու դեպքում խուլիգանություն այն էլ խմբի կազմում պետք է դրվեր վարչապետի և նրա թիկնազորի վրա, քանի որ եկեղեցին քրիստոնեական այն տեղը չէ, որ որևէ մեկը ունի պաշտոն կամ որևէ մեկը քաղաքական գործունեություն է իրականացնում։ Դա այն տեղն է, որտեղ հավատավոր մարդիկ, այդ թվում պարոն վարչապետը, որի մոտքը արգելված չի, գալիս է և հաղորդակցվում են Քրիստոսի հետ։
Եթե եկեղեցում ինչ-որ մեկը բացառիկ ցինիզմ է ցույց տալիս և մարդկանց հայտնում է իր ցինիկ կարծիքը, որ ես պիտի խորանի առջևում լինեմ, ես պիտի հրմշտոցով անցնեմ, մինչև առջև գնամ, դա է խուլիգանությունը։ Խուլիգանությունը այն չի, երբ մարդը որոշում է իր կանգնած տեղից չտեղաշարժվել, երբ մարդը ասում է՝ ու տենց իմ վրա մի նայի, երբ մարդուն հրում են՝ բնական պատասխան է տալիս դեպի ձեռքով առաջ։ Դա չի համարվում խուլիգանություն։ Խուլիգանությունը այն գործընթացն է, որը խաթարել է այդ պատարագի ողջ ընթացքը»։
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ պատարագի ընթացքը խաթարելը միակ նպատակը չէր. «Նպատակը այն էր, որ երկար ժամանակ, օրեր շարունակ մարդիկ խոսեն այդ մասին, որ նորից մարդկանց բաժանեն երկու բանակների՝ Դավիթի կողմնակիցների և Դավիթին դեմ, որ երիտասարդ տղայի կյանքի հետ խաղալով փորձեն մնացածին նախանշան տալ, որ նայեք, յուրաքանչյուր դեպք, որը կարող է մեզ համար գնահատվի բռնություն, ունենալու է այս պատասխանը։ Բայց բռնությունը գնահատվում է քրեական օրենսգրքով։
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ իրականացվում է վենդետա։ Տարիներ շարունակ մենք ազգովի այդ վենդետայից գնում ենք աջ, գնում ենք ձախ, գնում ենք հետ, հլը առաջ չենք գնացել։ Սա հենց այդ վենդետայի հերթական դեպքն է։
Սա պարզ վենդետա է այն տղայի նկատմամբ, ով որոշել էր իր տեղից չշարժվել, ով որոշել էր թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ և սևեռուն նայի իր հայացքի մեջ, ով որոշել էր, որ եթե իրեն հրում են, այո, կարող է նաև ձեռը երկարացնել։ Այստեղ որևէ հանցակազմ չկա։ Կա մի հանցակազմ, ընդամենը, որ պատարագի ամբողջ արարողակարգը Փաշինյանի և նրա թիկնազորի հետ համատեղ խուլիգանության դրվագներով խաթարվեց։
Այստեղ չկա որևէ քաղաքական գործունեություն, որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ոտնձգության կատարման դրվագ, իրականության մեջ կա խուրիգանության դրվագ խմբի կազմում, որը կատարել է վարչապետն իր թիկնազորով» »,–ասաց նա։











