Ես չեմ ուզում այս նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողների վերաբերյալ ինչ-որ բաներ ասել, բայց ես ընդամենը հորդոր կուղղեմ իրենց, որ հարգելիներս, գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է, մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, ապա իրենք չեն համագործակցի։

«Այդպես որ նայենք, բոլոր ուժերի համար «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը կամ Դաշնակցությունը թիրախ են անհասկանալի ձևով։ Իշխանության դեպքում հասկանում եմ, որ թիրախ ենք, որովհետև իրենք գաղափարական տեսակետից, անցած ճանապարհով, փորձառությամբ, այսօրվա եղած քաղաքական ուժերից և անձանցից իրենք վախենում են, գիշերները կարող է երազ են տեսնում, որ հնարավոր է, որ գա Դաշնակցությունը, Քոչարյանը գա իշխանության։ Որովհետև անխուսափելի է արդարության վրա հիմնված պատասխանատվության պահը, օրինական, սահմանադրական կարգով, մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածների, իրենց ենթադրյալ հանցագործությունների համար, այն համար, որ երկիրը այս վիճակի են հասցրել։

Բայց ես կհորդորեմ, որ ընդդիմությունը չանի այդ բանը, մենք այսօր ներքաղաքական կյանքում մեկ թիրախ, այդ թիրախը այս իշխանությունն է, որը  չպետք է վերարտադրվի»,–ասաց նա։

Անդրադառնալով տարածված տեսակետին, որ եթե ՀՅԴ–ն ընտրությունների գնար առարց Ռոբերտ Քոչարյանի, ավելի մեծ շանսեր կունենար և որ Քոչարյանը խանգարում է և իր գոյությամբ օգնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Դա դաշինքը թիրախավորելու ձևերից մեկն է։ Նույնիսկ, եթե իրենք այդպես են մտածում, բայց արդեն ձևավորված դաշինքը կա, դուք ինչի՞ եք դաշինքին հարվածում։

ՀՅԴ–ն ունի իր կշիռը, նախագահ Քոչարյանը՝ իր կշիռը։ Անձամբ իմ գնահատմամբ, այս երկուսի կշիռների մեխանիկական գումարը շատ ավելի քիչ է, քան միացյալ դաշինքի կշիռը։ Դա ապացուցեց նաև 2021 թվականը, եթե առանձին վերցրած սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս 4-5% առանձին դաշնակցություն, 6-7% նախագահ Քոչարյան, բայց միավորումը 20% և ավել տվեց։ Եթե միավորումը կարող է ավելի մեծ կշիռ տալ, ինչի՞ չգնալ այդ տարբերակին։ Միջազգային փորձում էլ կա, որ դաշինքների ձևավորումը բերում է շատ ավելի մեծ ու դրական էֆեկտի, քան թե առանձին վերցրած քաղաքական ուժերի կամ անձանց մասնակցությունը ընտրություններում։

Հակառակը, ես կարծում եմ, եթե ընտրական օրենսգրքում այս խայտառակ բարձր շեմը չլիներ դաշինքների համար, կարող է նաև այլ դաշինքներ ձևավորվեին»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանից արդեն հոգնել են, պետք է հետ քաշվի և նոր մարդիկ առաջ գան, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես չգիտեմ՝ պարոն Ծառուկյանն իր կարծիքը որտեղից է վերցրել։ Դուք տեսնում եք երկրորդ նախագահի ակտիվ գործունեությունը, աշխատանքը, էնտուզիազմը, եթե հոգնած մարդը Ռոբերտ Քոչարյանին են ուզում ասել, այդ դեպքում ես չգիտեմ ակտիվ կամ աշխույժ ով է այն քաղաքական գործիչը։ Եթե նկատի ունեն Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը, այդպիսի վարքագիծ մեր քաղաքական դաշտում, փառք Աստծո, որ ուրիշ մեկը չկա։ Ռոբերտ Քոչարյանը չի հոգնել։ Այո, Ռոբերտ Քոչարյանն իրենն արել է, բայց եկան ավիրեցին, հիմա բա պիտի գա, որ կարողանա վերականգնի, բա ի՞նչ անենք, թողենք սե՞նց։

Պարոն Ծառուկյանը լավ կլինի ընտրություններին մասնակցի ընդդիմադիր դիրքերից և աջակցի ընդդիմության միասնական ճակատի միջոցով այս իշխանություններին իշխանազրկելու և երկիրը նորմալ բնականոն ճանապարհի բերելու հնարավորությունը»։