Աջակցության առաջարկներ կոնկրետ ԵՄ-ն ներկայացնող բազմաթիվ երկրներից մենք ունենք և համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի շրջանակներում ԵՄ մասնագիտական խմբի հնարավոր այցին։
«Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում միջազգային գործընկերի հետ աշխատում ենք։ Ավելին, աշխարհի լավագույն ընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել են, մեր համակարգը գնահատել են, տվել են եզրակացություններ, թե որտեղ են իրենք ռիսկ տեսնում և դա անում են մեր Հայաստանի տեղեկատվական համակարգերի (ՀՏԳ) հետ միասին, քանի որ նման ռեսուրս ԿԸՀ–ն չունի։ Այդ կառույցները, իրենց մասնագետները մեզ մոտ ունեն մշտական ներկայացուցիչներ, մասնագետներ, որոնք մեր IT թիմի հետ աշխատում էին»,–ասաց նա։
Հարցին՝ կկարողանա՞ դիմակայել իշխանությունների ճիշմանը, որոնք կարծես ցանկանում են, որ որոշ ընդդիմադիր ուժերի չգրանցեն, Հովակիմյանն ասաց. «Ես 2022 թվականի հոկտեմբերից ԿԸՀ նախագահ եմ, երբևէ մի մազաչափ, կես բառի չափով անգամ երբեք որևէ ճնշում չի եղել, ես ձեզ վստահեցնում եմ ու չի էլ լինի։ Իսկ քաղաքական գործիչները որ մեկ մեկու կսմիթներ կանեն, չգիտեմ ինչեր կասեն, դա բնական է, իրենք քաղաքական գործիչներ են, իրար ինչ կուզեն՝ կասեն»։











