Մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Երեխայի քառասունքը նոր է լրացել, նա սնվում է բացառապես մայրական կաթից։ Մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդումն այնպիսի դրսևորում է, որ ցանկացած իրավիճակին կարող են բերել կպցնել և դրան տալ իրավական, այսպես ասած՝ քրեաիրավական երանգներ։ Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորում, առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է, ասենք, մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում։ Այս պահին առաջադրել են մեղադրանք և պետք է որոշեն՝ տանում են դատարան կալանքի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը։
Ես չեմ կարող, թե իրենք ինչ պետք է անեն և ինչ սկզբունքներից ելնելով պետք է որոշեն, օրինակ, որ Գոհար Ղումաշյանին պետք է տանեն դատարան կալանքի սանկցիայի, առավել ևս, որ վերջինիս երեխային յուրաքանչյուր երեք ժամը մեկ կերակրվում է ու ունի հատուկ մայրական խնամքի կարիք»,- նշեց նա։
Փաստաբանը հայտնեց, որ հարցաքննությունը ավարտվել է, Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում է այս պահին ցուցմունք տալ. «Քանի որ իրեն ֆիզիոլոգիական առումով լավ չի զգում և պետք է խորապես քննարկի իր փաստաբանների հետ և տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ-որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ դրա հետ ինքը որևէ կապ և առնչություն չունի»։











