Երևանի Հերացի-Չարենց փողոցների սիզամարգային հատվածներում ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ղեկավար Արմեն Բեգոյանը նշեց. «Կորյուն, Հերացի տրանսպորտային հանգույցներում իրականացվում են նոր կանաչ տարածքների հիմնման և ձևավորման աշխատանքներ։ Այս տարի աննախադեպ են գծային տնկարկների, տրանսպորտային հանգույցների ձևավորման աշխատանքները Երևան քաղաքում։ Գարնանային տունկի ընթացքում ամբողջ քաղաքում իրականացվում է կանաչ տնկարկների ավելացման, հիմնման և դրանց ձևավորման աշխատանքներ։

Ինչպես բոլոր տեղերում, այստեղ նույնպես անցկացվել և անցկացվում է ոռոգման համակարգ, այս հատվածը շատ գեղեցիկ տեսք է ընդունելու, տնկվելու են նույնպես ֆոտինյա գնդաձև տեսակի ծառատեսակներ, պիսարդի տեսակի ծառատեսակներ, որոնք ունեն կարմիր տերև և շատ գեղեցիկ ծաղկում են և ֆոտինյա տեսակի գնդաձև թփեր։

Վերևի հատվածում դեպի Հերացի փողոց ձևավորվելու է այդ ճանապարհային հանգույցը գնդաձև կատալպա տեսակի ծառատեսակներով, ինչպես նաև մշտադալար գիհի կազակական և գիհի ժայռային տեսակներով։

Տունկը իրականացնում է այնպես, որ ձմեռային հատվածում էլ այս տարածքները չեն կորցնելու իրենց գեղազարդությունը։ Սկսած նախորդ շաբաթից մինչև այս շաբաթվա վերջ, Երևան քաղաքի միայն գծային տնկարկներում, միայն ճանապարհներին հարող հատվածներում, իրականացված ձևավորման աշխատանքների արդյունքում 1000-ից ավել արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներ են տնկվելու Երևան քաղաքում»։

Արմեն Բեգոյանը հիշեցրեց, որ վաղը մեկնարկվելու է ամբողջ Իսակով պողոտայի տրանսպորտային հանգույցներում նոր կանաչ տարածքների հիմնման աշխատանքները, որտեղ տնկվելու է 500 ծառ։ Աշխատանքները մեկնարկելու են ապրիլի 16–ին, ժամը 11-ից։