Տրանսպորտի ոլորտում իրապես արդյունքներ ենք ունենում, և մոտավոր 2 շաբաթվա ընթացքում 50 տոկոսով աճել են մեր եկամուտները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր կողմից տրված այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոբուսների վարորդները պետք է մասնակցեն ուղեվարձի հավաքագրմանը։
«Կարծում եմ՝ որոշ կարևոր ռեֆորմներ, որոնք պետք է տեղի ունենան առաջին հերթին մեր մտածողության, վարվելակերպի փոփոխություններ։ Մենք պետք է ձերբազատվենք արատավոր երևույթներից, որոնք մեզանից նյարդ պահանջելու է։ Այն, ինչ մենք իրականացնում ենք տրանսպորտի ոլորտում, բազմաթիվ քաղաքներում արդեն իսկ անցած փորձ է, և տեսնում ենք, որ իրապես արդյունքներ ենք ունենում և մոտավոր 2 շաբաթվա ընթացքում 50 տոկոսով աճել են մեր եկամուտները»,- ասաց Ավինյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այդպիսով քաղաքային իշխանությունը կառավարումն «իր վրայից գցել է» վարորդների վրա, Ավինյանն ասաց․ «Մեր բոլոր ռեսուրսներով նպաստելու ենք, որպեսզի ռեֆորմը տեղի ունենա։ Մենք արդեն իսկ տեսնում ենք դրական արդյունքները»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք քաղաքապետը պատրաստվում է երեկոյան ժամերին երթևեկել ավտոբուսով, որպեսզի տեսնի, թե ինչպիսի պայմաններով են քաղաքացիները երթևեկում, Ավինյանը շրջանցելով հարցը միայն ասաց, թե առաջիկայում ավտոբուսների քանակը կավելանա․ «Մենք շարունակաբար ավելացնում ենք Երևանում տրանսպորտի քանակը։ Այս տարի կլինեն 45 նոր տրոյելբուսները։ Այս տարի պլանավորում ենք սկսել 170 նոր ավտոբուսների ձեռքբերում, որ խնդիրը լուծենք»։











