Ես ուրախ եմ, որ Օրբանը հեռացել է, էմոցիոնալ բան եմ ասում, որպես հայ մարդ ուրախ եմ, որովհետև նույն Օրբանն էր, որ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մեզ համար որպես ընդդիմություն կարևոր մի քանի մեսիջ կա, որ կարելի է փոխանցել մեր հասարակությանը։ Առաջինը, որ տասնամյակների իշխանությունը ընտրություններով փոխվեց։ Եվ այո, պետք է թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը գնա երրորդ ժամկետի։ Երկրորդը, որ մասնակցելիությունը էական ազդեցություն է ունենում արդյունքների վրա, 70%-ից ավել մասնակցության բերումով է, որ Օրբանը պարտվել է։ Եվ երրորդ կարևոր եզրակացությունը, որ նույնիսկ այն պարագայում, որ Օրբանին աջակցում էր Վենսը, Ռուսաստանը, տարբեր կենտրոններ աջակցում էին, նույնիսկ Վենսը նախընտրական փուլում Հունգարիայում էր, միևնույն է՝ դա չի փրկել Օրբանին։ Այսինքն, այսօր երբ հնչում են հայտարարություններ տարբեր երկրների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող, դա ոչինչ չի նշանակում և միայն ժողովուրդն է, որ իր ընտրությամբ պետք է այո ցույց տա, թե ում է ուզում տեսնել իշխանություն»,– ասել է պատգամավորը։

Փոդքաստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ հիշեցրել է, թե ինչպես էր Օրբանն օրենքները «հարմարեցրել իրեն». «16 տարում Օրբանը լուրջ փոփոխություններ է մտցրել ընտրական օրենսգրքում, լուրջ ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա, սահմանադրական դատարան և այլն․ ընտրական օրենսգիրքը այնպիսի էր, որ բոլորին թվում էր, թե այս օրենսգրքով հնարավոր չէ իշխանությունը խախտել, բայց կուտակվեց դժգոհություն և այդ դժգոհությունը ուղղակի արտահայտվեց քվեներով՝ ընտրությունների արդյունքում»։