Հունիսի 7–ի ընտրությունը սովորական ընթացիկ և հերթական ընտրություն չի, այդ ընտրությունների արդյունքներից է կախված մեր երկրի ճակատագիրը, թե արդյոք մենք կարող ենք պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և առհասարակ հայ մարդու ինքնությունը։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք հունիսի 7–ին միասին պետք է փակենք այս ողբերգության, նվաստացման, զիջումների, պառակտման և ատելության էջը։ Եվ դրա համար ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կախված է երեք գործողություն։ Նախ, գնալ ընտրության, երկրորդը մերժել այս չարիքի իշխանությանը և երրորդը ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկի։
Հիմա ո՞րն է այն ուժը, որ կարող է այսքան մարտահրավերներով լի պայմաններում երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Ո՞րն է այն քաղաքական ուժը, ով ունի ծրագիր, ով ունի անցյալ, ունի փորձառություն, կամք և վճռականություն հայկական շահերից ելնող, արտաքին դիվանագիտություն վարել, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանել և առհասարակ հայ մարդու անվտանգություն։ Այս հարցի պատասխանը, եթե տաք, շատ հեշտ կկարողանաք կողմնորոշվել։ Այդ ուժը այսօր «Հայաստան» դաշինքն է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,–ասաց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ «պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկուն վայնասունը գցում է, թե ինքը իբր խաղաղության մարմնավորում է, մենք էլ պատերազմի ուժն ենք»;
«Իրականում պատերազմի ողբերգության խորհրդանիշը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ով իր կառավարման տարիների մեծ մասը անընդհատ բերել է պատերազմներ։ Հիմա այնքան է ցինիկացել և լկտիացել, որ ասում է՝ ես որևէ միլիմետր տարածք չեմ զիջել։ 12500 ք/կմ տարածք զիջած, Արցախը Ալիևի հետ համատեղ հայաթափած անձը նման հայտարարություններ է անում։
Ինչո՞ւ չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինքը 2021 թվականին այս նույն խոստումները մեր ժողովրդին տվել է, այս նույն խաղաղության թեզը, որից հետո եղել է 2022–ի սեպտեմբերյան պատերազմ, երբ Ադրբեջանի զորքերը հայտնվեցին Հայաստանի տարածքում, ունեցանք 200-ից ավելի զոհ և 2023 թվական Արցախի հայաթափում, էթնիկ զտում, ըստ էության ցեղասպանություն, միայն գաղթի ճանապարհին 60 մարդ է մահացել: Հիմա այս մարդը ի՞նչ իրավունք ունի խոսելու խաղաղությունից ու կրկին ժողովրդին խաբի, վերարտադրվի ու գնա նոր զիջումների»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
«Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ և մրցունակ Հայաստան։ Մենք ասում ենք կարող ենք և ի վիճակի ենք մեր երկրին բերել կայունություն, անվտանգություն և զարգացում։ Այսօր կայունությունը անհրաժեշտություն է, այսօր մարդիկ զզվել են այս քաոսից, այս բարդակից, այս ատելության մթնոլորտից։ Մենք ասում ենք կարող ենք երկրի սահմաններում բերել կայունություն, արտաքին քաղաքականության մեջ բերել կայունություն, երկրի ներքին կյանքում բերել համերաշխություն և դա արել ենք ու ձեր հետ, ձեր օգնությամբ հունիսի 7–ին փակելու ենք այս էջը ու երկիրը դուրս բերենք այս իրավիճակից, միասին կարող ենք»։











