Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է նոր սկսած շարքը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, շարունակում եմ նոր սկսած շարքը.

. թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլխներում և գրպաններում,

. թե ինչո՞վ պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարողները։

Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»»,- նշել է նա։

Այս անգամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին. Նա Facebook–ի իր էջում տարածած տեսանյութում նշել է. «Ջուլիետա Ազարյան, նորաթուխ ՔՊ-ական պատգամավոր, Ավանի նախկին փոխթաղապետ։ Առաջին անգամ 24.06.2022-ին հանձնում է հայտարարագիր, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում 21 թվականին ձեռք է բերել բնակարան, ունեցել է 544 000 դրամ եկամուտ և 14 միլիոն դրամ։ Այս մեր աղջիկը վարկ է վերցրել, որ տուն առնի։ Հաջորդ տարի արդեն 2023 թվականին հանձնած հայտարարագրում նա ասում է, որ ես 40 000 դոլարով եմ տուն առել։ Պաշտոն ունենալուց հետո արդեն ունի 3000 դոլար և 1 միլիոն 200 հազար դրամ բանկի հաշվին։ Մեր Ջուլիետան, որպես եկամուտ, հայտարարագրել է 3.2 միլիոն դրամ և 1.5 միլիոն դրամ էլ ինչ-որ անհասկանալի աջակցման կենտրոն է իրեն փող տվել։

Ո՞նց է երկու տեղ աշխատել, դա ուրիշ հարց։ Հիշում եք չէ՞, որ 14 միլիոն դրամով վարկ էր վերցրել, որ տուն էր առել։ Արդեն մի տարի հետո այս վարկը չունի մեր աղջիկը։ Ո՞ւր գնաց վարկն, ի՞նչ եղավ։Այսինքն իր վերցրած մեծ վարկի գումարը չկա, փոխարենը կա ընդամենը 888 000 դրամ վարկի մնացորդի չափ։

Հաջորդը, 22.05.2024 թվականին հանձնած հայտարարագրով հայրենի Գյումրին թողած, Ջուլիետան Փարաքար համայնքում հող է առնում, ընդամենը մեկ միլիոն դրամով, մոտ 2500 դոլարով։ Փարաքարում, երբ հիմա նայում ես գները նույն list.am-ում, հասկանում ես, որ գյուղնշանակության հողերի գինը նվազագույնը 25-30 դոլար է, իսկ մի փոքր ավելի բարձր մինչև 500 դոլար։ Ստացվում է, որ նա, օրինակի համար, 100 քմ գյուղնշանակության հող է առել։ Ըստ օդում կախված լուրերի,ինքը  շատ ավելի մեծ տարածքով հող է առել, շատ ավելի ուրիշ տեղ և գինը շատ  ավելի թանկ։  Ինձ ուղղակի հետաքրքրում էր, թե Ջուլետան հայրենի Գյումրին թողած, ինչի՞ համար էր գնում Փարաքարում հող առնում։

Արդեն 2024–ին, Ջուլետան հայտարարագրում է, որ ունի նորից վարկ, 13 միլիոն դրամ, ունի եկամուտ 7.9 միլիոն դրամ։ Արդեն 2025 թվականին հանձնված հայտարարագրով անշարժ գույքերը դառնում են երեքը, մեկն էլ Աբովյան համայնքում։

Իմ մոտ համոզմունք կա, որ այստեղ էլ գրագիտության խնդիր կա, որովհետև մեր Ջուլիետան Աբովյանն ու Առինջը խառնել է, բայց այնտեղ երկու տեղ նշել է, որ ինքը տուն ունի։

2024 թվականի հայտարարագրով Ջուլիետա Ազարյանը նշում է, որ ինքը արդեն ունի կանխիկ 5000 դոլար և 300 000 դրամ։ 2025–ի հայտարարագրով Ջուլիետա Նազարյանը ներկայացնում է, որ բանկում ունի մոտ 1,8 մլն դրամ գումար և կանխիկ ունի  6500 դոլար և 678 000 դրամ։

Ինձ համար մի փոքր անհասկանալի է, որ Ջուլիետան նաև նշում է, որ վարկի մնացորդին  մնացել է 1,3 մլն դրամ,  բայց տունը բարձի տակ առանձին մի քանի հազար դոլար փող է պահում։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Ջուլիետան այդ գումարը չի ուղղում իր վարկի գումարի մարմանը։

Ամենահետաքրքիրն ու զավեշտը այն է, որ Ջուլիետան հայտարարագրել է, որ այլ եղանակով ստացել է 4 միլիոն դրամանոց զարդ ու կահույք։ Ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, թե այլ եղանակով 4 միլիոն դրամանոց ինչ-որ մի բան ստանալը ո՞նց է լինում»;

Առավել մանրամասն՝ տեսանյութում։